ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) համագործակցությամբ 2026թ․ մայիսի 20-ից հունիսի 2-ը իրականացվել են «ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԵԼՈՒ ԵՎ ՈՒՂՂՈՐԴԵԼՈՒ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թեմայով առցանց դասընթացներ Շիրակի, Գեղարքունիքի և Արարատի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և հոգեբանների համար։ Նախաձեռնությունն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի երկրորդ փուլի շրջանակներում։
Դասընթացների նպատակն էր զարգացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների և հոգեբանների մասնագիտական կարողությունները՝ նրանց փոխանցելով ընտանեկան բռնության դեպքերը բացահայտելու, դրանց արձագանքելու և ուղղորդելու գործուն մեխանիզմներ։
Դասընթացներն անցկացնում էին կլինիկական հոգեբան, հոգեթերապևտ Սիրանուշ Դավթյանը, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, փաստաբան Դավիթ Թումասյանը, ինչպես նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների փորձառու դասընթացավարները։ Դասընթացներին մասնակցել են հանրակրթական ուսումնական հաստատությունների 300 տնօրեն և 277 հոգեբան։
Մասնակիցները ծանոթացան ընտանեկան բռնության վերաբերյալ ՀՀ օրենսդրական կարգավորումներին, երեխաների պաշտպանության համակարգում ներգրավված պետական և համայնքային կառույցների գործառույթներին ու լիազորություններին, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների դերակատարությանը երեխաների իրավունքների պաշտպանության և անվտանգ միջավայրի ապահովման գործընթացում։
Քննարկվեցին դպրոցի տնօրենի և հոգեբանի մասնագիտական դերերն ու պարտականությունները բռնության դեպքերի հայտնաբերման, կանխարգելման, արձագանքման և միջգերատեսչական համագործակցության համատեքստում։ Առանձնակի ուշադրության արժանացան ընտանեկան բռնության վաղ հայտնաբերման, համապատասխան արձագանքման և մասնագիտացված ծառայությունների ուղղորդման գործնական մեխանիզմները։
Դասընթացները համատեղում էին տեսական և գործնական բաղադրիչները՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին կոնկրետ դեպքերի օրինակով քննարկել հնարավոր մարտահրավերները՝ ձեռք բերելով գործնական հմտություններ ընտանեկան բռնության դեպքերին արդյունավետ արձագանքման նպատակով։
04.06.2026


