ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՑԱՆՑ (ENHPS)․ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
2026թ-ի մայիսի 20-ին տեղի ունեցավ Առողջությունը խթանող դպրոցների եվրոպական ցանցի (ENHPS) երկրորդ հանդիպումը առցանց ձևաչափով, որը կրում էր «ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՂ ԴՊՐՈՑՆԵՐ՝ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ» խորագիրը։
Հանդիպումն իրականացվում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Առողջ սկիզբ առողջ կյանքի համար» մանուկների և դեռահասների առողջության և բարեկեցության տարածաշրջանային ռազմավարության շրջանակներում:
Հանդիպման նպատակն էր մասնակիցներին իրազեկել Առողջությունը խթանող դպրոցների եվրոպական ցանցի ստեղծման և վերահսկման վերաբերյալ, գնահատել մասնակից երկրներում Առողջությունը խթանող դպրոցների (HPS) գործունեությունը, քննարկել երեխաների պաշտպանությանը, ազգային ցանցերին և մասնակցային մոտեցումներին վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում դիտարկվեցին Առողջությունը խթանող դպրոցների եվրոպական ցանցի տարածաշրջանային ռազմավարությանը և ձևավորվող վերահսկողությանը վերաբերող հարցեր։ Նշվեց, որ
- ✦ ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների և դեռահասների առողջության և բարեկեցության տարածաշրջանային ռազմավարությունը Առողջությունը խթանող դպրոցները (ԱԽԴ) դիտարկում է որպես դպրոցի բազմաթիվ խնդիրների համալիր լուծմանն ուղղված 4 հիմնական մեխանիզմներից մեկը։
- ✦ Առողջապահության և կրթության նախարարությունների կողմից պաշտոնապես նշանակվել են ազգային համակարգողներ:
- ✦ Հանդիպումների, համագործակցության և երկրների միջև փորձի փոխանակման համակարգման նպատակով ստեղծվում է քարտուղարություն՝ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի հիման վրա, Կրթության և առողջության ոլորտում հետազոտությունների ԱՀԿ համագործակցող կենտրոնի (որը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլոբալ առողջության և կրթության ամբիոնն է) և EuroHealthNet կազմակերպության աջակցությամբ։
- ✦ Արդյունավետ կառավարման, տեխնիկական և փորձագիտական աջակցության ապահովման նպատակով մասնակից երկրներից ընտրվում է հերթափոխվող նախագահող-երկիր, ձևավորվում են հետազոտական և փորձագիտական խմբեր։
Հանդիպման խոսնակներից էր նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Նա հանգամանալիորեն անդրադարձավ Հայաստանի կրթական համակարգում որպես պետական առաջնահերթություն Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության (ՀԱՀՍԱ) ոլորտի համակարգային զարգացումներին։ Ներկայացրեց այն 5 հենասյուները, որոնք անհրաժեշտ են դպրոցներում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ապահովման համար։ ՀՄԿ տնօրենը կարևորեց կարիքների վաղ հայտնաբերումը, գնահատումը և նախնական աջակցության ապահովումը, ինչպես նաև արձագանքը և ուղղորդումը՝ նշելով, որ հետադարձ կապի մեխանիզմներն ապահովում են դպրոցների և արտաքին ծառայությունների միջև շարունակական հաղորդակցությունը։
Քննարկումների ընթացքում ներկայացվեց տարբեր երկրների փորձը, շեշտադրվեց արդյունավետ քաղաքականություն, միջոլորտային համագործակցություն և դպրոցական աջակցող համակարգ մշակելու և ներդնելու անհրաժեշտությունը։ Մասնակիցներն ընդգծեցին Առողջությունը խթանող դպրոցների ծրագիրը հանրակրթական հիմնական ծրագրերում ներառելու, իրագործելի ցուցանիշներ և գնահատման մոտեցումներ մշակելու, ինչպես նաև դպրոցական անձնակազմի համար բավարար աջակցություն, ժամանակ և իրազեկում ապահովելու անհրաժեշտությունը։
Նշվեց նաև, որ ԱՀԿ-ի ուղեցույցը կենտրոնանում է սոցիալ-հուզական ուսումնառության (ՍՀՈՒ) և հոգեկան առողջության խթանման վրա, և այնպիսի տարածաշրջանային ցանցերը, ինչպիսին է Առողջությունը խթանող դպրոցների եվրոպական ցանցը, կարող են աջակցել երկրներին համապատասխան մոտեցումները բացահայտելու և լավագույն փորձի փոխանակման հարցում:
Հանդիպման ավարտին հստակեցվեցին հետագա անելիքները, որոնց շրջանակում կստեղծվի փորձագիտական խումբ շահագրգիռ ազգային համակարգողների, նախկին Եվրոպական առողջության խթանման դպրոցների ցանցի համակարգողների և գործընկերների ներգրավմամբ՝ ռազմավարական և տեխնիկական ներդրում ապահովելու համար, ինչպես նաև կիրականացվեն համապատասխան իրազեկող միջոցառումներ։
02.06.2026

