2026թ․ հունիս ամսին Լսողության խանգարումներ ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կողմից անցկացվել է քառօրյա վերապատրաստման դասընթացների շարք նախատեսված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) մասնագետների համար, որոնց մասնակցել են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետները։
Դասընթացների շրջանակում իրականացված ամփոփիչ հանդիպմանը ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը կարևորեց Լսողության խանգարումներ ունեցող երեխաների (ԼԽՈՒԵ) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի կողմից իրականացվող այս նախաձեռնությունը՝ վերապատրաստումները դիտարկելով որպես կարևորագույն մասնագիտական բաղադրիչ շարունակական զարգացման տեսանկունից։ Նա առանձնահատուկ շեշտեց ՏՄԱԿ-ների մասնագետներին, հատկապես հատուկ մանկավարժներին առավել նեղ մասնագիտական՝ սուրդոմանկավարժական գիտելիքներով զինելու անհրաժեշտությունը։ Տնօրենն ընդգծեց նաև համագործակցության ընդլայնումն ու փորձի փոխանակումը՝ որպես կրթության որակի բարելավման և երեխաների աջակցության ապահովման կարևոր նախապայման։
ԼԽՈՒԵ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի տնօրեն Արմինե Բաբայանը շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցներին ակտիվ ներգրավվածության, մասնագիտական պատասխանատվության և արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով մասնագետների կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը միասնական մոտեցումների ձևավորման և, հատկապես, լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում։
Վերապատրաստման դասընթացների շրջանակում քննարկվել են լսողության խանգարումներ ունեցող երեխաների կրթության, հաղորդակցման, խոսքային և սոցիալական զարգացման առանձնահատկություններին վերաբերող կարևոր թեմաներ, մասնավորապես՝
- ✦ Նեյրոպլաստիկություն. կամուրջ լսողության և հաղորդակցման միջև
- ✦ Նեյրոպլաստիկություն. կամուրջ լսողության և հաղորդակցման միջև
- ✦ Լսողության խանգարումներ ունեցող երեխաների լսողական ընկալման առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը խոսքի առոգանաարտահայտչական կողմի վրա
- ✦ Նախադպրոցական տարիքի լսողության խանգարումներ ունեցող երեխաների խոսքային և սոցիալական զարգացման խթանումը խաղային գործունեության միջոցով։
Մասնակիցներին ներկայացվել են ժամանակակից մոտեցումներ, գործնական մեթոդներ և նոր գործիքներ, որոնք կարող են նպաստել մասնագիտական ամենօրյա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։
Վերապատրաստումները կրում են շարունակական բնույթ։
24.06.2026

