2026թ․ հոկտեմբերի 5-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց «ԵՐԵԽԱՍ ԻՄ ԱՉՔԵՐՈՎ, ԿԱՄ ԻՆՉՊԻՍԻՆ ԵՄ ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ՆՐԱՆ» խորագրով ծնողավարության դասընթաց, որին մասնակցում էին Կենտրոնի այլընտրանքային թերապիաների խմբակներ հաճախող երեխաների ծնողները։
Դասընթացավարն էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ալինա Մանուկյանը։
Դասընթացը միտված էր ուղղորդելու ծնողներին երեխայի վարքը դիտարկել ավելի լայն համատեքստում՝ փորձելով ոչ միայն հասկանալ, այլև պատճառաբանել, թե ինչ կարող է թաքնված լինել այդ վարքի հետևում։ Հիմնական ուղերձն էր՝ նախ հասկանալ, ապա արձագանքել։
Դասընթացին առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ոչ միայն երեխայի հնարավոր կարիքների բացահայտմանը և նրա անհատական կարիքներից բխող համապատասխան աջակցություն ընտրելու կարևորությանը, այլև երեխայի ուժեղ կողմերը տեսնելու և դրանք զարգացնելու հնարավորությանը։ Կարևորվեց մոտեցումներում վարքային թույլատրելի և անթույլատրելի դրսևորումների միջև հստակ սահմանների պահպանումը՝ միաժամանակ հաշվի առնելով երեխայի հույզերը, հնարավորությունները և տվյալ պահին ունեցած կարիքները։
Դասընթացն ուղեկցվեց տարբեր իրավիճակային լուծումներ ենթադրող վարժանքներով, որոնց ընթացքում ծնողները ծանոթացան տարբեր տեսանկյուններից դիտարկելու և համապատասխան արձագանքման մեխանիզմներ մշակելու գործնական նոր մոտեցումների:
07.10.2026

