ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ), Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) և @Քվեբեկի Հայկական բժշկական ասոցիացիայի (AMAQ) համագործակցությամբ իրականացվող՝ երեխաների և դեռահասների տոկունության զարգացման «FOCUS» ուսումնական ծրագրի շրջանակում 2026թ. հոկտեմբերի 8-9-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվել է երկօրյա վերապատրաստման դասընթաց՝ Գեղարքունիքի մարզի և Երևանի հանրակրթական ուսումնական հաստատությունների 50 հոգեբանի մասնակցությամբ։
Վերապատրաստման նպատակն էր արդիականացնել հոգեբանների մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները՝ նրանց տրամադրելով արդյունավետ գործիքներ դպրոցահասակ երեխաների և դեռահասների հուզազգայական տոկունության բարձրացման, ինչպես նաև «FOCUS» ծրագրով նախատեսված հիմնական կարողությունների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների իրականացման համար։
Դասընթացն իրականացրել են «FOCUS» ծրագրի հավաստագրված վերապատրաստողներ Նաիրա Մխիթարյանը, Աստղիկ Գրիգորյանը, Անուշ Հովհաննիսյանը և Քրիստինե Մկրտչյանը։
Ողջունելով մասնակիցներին՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանն ընդգծել է դպրոցների հոգեբանների կարևոր դերակատարությունը ուսումնական հաստատություններում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև ուսուցիչների, սովորողների և ծնողների հետ արդյունավետ համագործակցության ապահովման գործում։ «Հոգեկան տոկունության բարձրացումը և սոցիալ-հուզական ուսումնառությունը միայն ճգնաժամային իրավիճակներով պայմանավորված չեն։ Դրանք կրթական գործընթացի անբաժանելի և կարևոր բաղադրիչներ են, որոնք անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել դպրոցական միջավայրում»,- նշել է Լիլիթ Մնացականյանը։
ՀՄԿ տնօրենն անդրադարձել է նաև դպրոցներում Սովորողների պաշտպանության թիմերի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին՝ կարևորելով դրանց գործունեության արդյունավետ մեխանիզմները, դեպքերի հայտնաբերման և դրանց արձագանքման ընթացակարգերը, ինչպես նաև թիմերի դերը սովորողների պաշտպանության ապահովման գործընթացում։
Վերապատրաստումն անցկացվել է տեսական և գործնական փուլերով։ Մասնակիցներն ուսումնասիրել են հուզական կարգավորման, արդյունավետ հաղորդակցության, նպատակների սահմանման, խնդիրների լուծման և սթրեսածին գործոնների կառավարման առանձնահատկությունները՝ տարբեր տարիքային խմբերի երեխաների հետ աշխատանքում։
Տեսական գիտելիքներն ամրապնդվել են գործնական վարժությունների միջոցով, որոնց ընթացքում մասնակիցները կիրառել են վարքագծի կառավարման տարբեր ռազմավարություններ, մեթոդներ և տեխնիկաներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել դրանց ճկուն և նպատակային համադրմանը՝ «FOCUS» ծրագրի ինը մոդուլների շրջանակում։
10.10.2026

