ՀԱՐԳԵԼԻ՛ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի (ՀՄԿ) գործունեության առաջնահերթ ուղղություններից է անվտանգ, ապահով, բռնությունից և բուլինգից զերծ կրթական միջավայրի ձևավորմանն ու պահպանմանը նպաստելը, ինչպես նաև կրթական գործընթացին խոչընդոտող խնդիրների կանխարգելմանն ու դրանց արդյունավետ արձագանքմանն ուղղված աշխատանքների իրականացումը։
Վերջին շրջանում բռնության դեպքերի վերաբերյալ ահազանգերի թվի աճով պայմանավորված կարևոր ենք համարում ընդգծել, որ ՀՄԿ-ն, համագործակցելով ՀՀ կրթության տեսչական մարմնի, ՀՀ ներքին գործերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության, տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմինների հետ, հետևողականորեն և մշտապես արձագանքում է բոլոր ահազանգերին։
Յուրաքանչյուր դեպք դիտարկվում է հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով դրա առանձնահատկությունները, առկա հանգամանքներն ու տեղեկությունները։
ՀՄԿ մասնագետներն այցելում են համապատասխան ուսումնական հաստատություններ՝ բազմակողմանիորեն ուսումնասիրելու և դրան առնչվող բոլոր կողմերի հետ մասնագիտական աշխատանք իրականացնելու նպատակով։
Աշխատանքների շրջանակում հանդիպումներ և քննարկումներ են անցկացվում տնօրենության, մանկավարժական աշխատողների, հոգեբանների, սովորողների և ծնողների հետ։
Իրականացվում են անհրաժեշտ մասնագիտական ուսումնասիրություններ և գնահատումներ, որոնց արդյունքների հիման վրա ձևակերպվում են համապատասխան առաջարկություններ, նախանշվում հետագա քայլերը, որի շրջանակում համապատասխան ուղղությամբ խորհրդատվություն և աջակցություն է տրամադրվում ուսումնական հաստատության տնօրեններին, հոգեբանններին, մանկավարժական աշխատողներին և ՏՄԱԿ-ի մասնագետներին։
ՀՄԿ-ն կարևորում է ոչ միայն արձանագրված դեպքերին համարժեք արձագանքումը, այլև դրանց կանխարգելմանն ուղղված հետևողական աշխատանքը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և գործընկեր կառույցների հետ համագործակցությամբ Կենտրոնը շարունակելու է իր աշխատանքները՝ նպաստելով կրթական միջավայրում առկա խնդիրների բազմակողմանի ուսումնասիրմանը, արդյունավետ լուծումների մշակմանը և յուրաքանչյուր սովորողի համար անվտանգ ու բարենպաստ պայմանների ապահովմանը։
Անվտանգ կրթական միջավայրի ձևավորումը համատեղ պատասխանատվություն է, որը պահանջում է հետևողական և համագործակցային աշխատանք բոլոր ներգրավված կողմերի մասնակցությամբ։
22.10.2026


