2026 թվականի նոյեմբերի 11-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) տնօրենների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտի պատասխանատու ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանդիպման առանցքային թեման ՄԿՈւ ոլորտում ներառականության ապահովմանն ուղղված համապատասխան իրավակարգավորումների և ընթացակարգերի մշակումն ու ներդրումն էր։ Քննարկման նպատակն էր վեր հանել առկա խնդիրները, դիտարկել գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները և նախանշել համագործակցության հետագա ուղղությունները։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանն ընդգծեց ՄԿՈւ ոլորտի պատասխանատուների հետ համագործակցության խորացման, բաց և կառուցողական քննարկումների և համատեղ լուծումների մշակման կարևորությունը։
ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչության պետ Գայանե Արզումանյանն անդրադարձավ տարբեր կառույցների միջև արդյունավետ փոխգործակցության և ջանքերի համատեղման անհրաժեշտությանը՝ ՄԿՈւ ոլորտում ներառականության ապահովման գործընթացները համակարգված կազմակերպելու և հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները գնահատելու համատեքստում։
ԿԳՄՍՆ ՄԿՈՒ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Արսինե Աղաջանյանը և ՄԿՈՒ քաղաքականության մշակման և ռազմավարության բաժնի պետ Սիրանուշ Մելոյանը ներկայացրին ՄԿՈւ ոլորտի իրավակարգավորումներին, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ընդունելության և կրթության կազմակերպման ընթացակարգերին վերաբերող խնդիրները։ Խոսվեց նաև հաստատություններում համապատասխան մասնագետների ներգրավման, մանկավարժական անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացման, սովորողների անհատական կարիքներին ու հետաքրքրություններին համապատասխան մասնագիտական ուղղորդման, ինչպես նաև ֆիզիկական միջավայրի մատչելիության և անհրաժեշտ հարմարեցումների ապահովման մասին։
Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց մասնագիտական կողմնորոշման գործընթացում մարդակենտրոն մոտեցման կիրառմանը՝ հիմքում ունենալով սովորողների հետաքրքրությունների, նախասիրությունների և մոտիվացիայի բացահայտումը։
Հանդիպման երկրորդ հատվածում ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը ներկայացրեց ՏՄԱԿ-ների կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող մշտադիտարկման թերթիկների լրամշակված տարբերակները՝ անդրադառնալով հիմնական փոփոխություններին, որակական չափանիշների հստակեցմանը, ինչպես նաև մշտադիտարկման արդյունքների հիման վրա դպրոցներին տրամադրվող հետադարձ կապի և մասնագիտական աջակցության կարևորությանը։
Ամփոփելով հանդիպումը՝ ՀՄԿ տնօրենն ընդգծեց ծնողների իրազեկվածության բարձրացման և կրթական գործընթացում նրանց ակտիվ ներգրավման, ինչպես նաև ծնողական համայնքի իրազեկվածության բարձրացմանն ուղղված նախաձեռնությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
10.11.2026

