ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը e-draft.am հանրային քննարկման հարթակում հրապարակել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի լրամշակված տարբերակը:
Ներառական կրթության գործընթացում սովորողակենտրոն և արդյունավետ մեխանիզմների հստակեցմանն են ուղղված հետևյալ փոփոխությունները՝
- ✦ Առաջարկվում է ընդլայնել կրթության առանձնահատուկ պայմանների ընկալման շրջանակը: Ըստ այդմ՝ վարքի և հուզակամային ոլորտի խանգարումները ընդգրկվելու են կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի առաջացման գործոնների ցանկում։
- ✦ Առաջարկվում է նաև հաշվի առնել, որ ԿԱՊԿ ունեցող երեխաները միայն զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխաները չեն, քանի որ ուսուցման մեջ դժվարություններ ունենալ կարող են նաև օժտված, բռնությունների ենթարկվող, աշխատող, փախստական կամ տեղահանված, աղքատ և չքավոր, հակամարտությունների հետևանքով որբացած երեխաները, լեզվական և ազգային փոքրամասնությունները: Սովորողների բացառիկ ունակությունները ևս համարվել է առանձնահատկություն, որի դեպքում նույնպես անհրաժեշտ է տարբերակված մոտեցում ցուցաբերել։
- ✦ Ներառական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված փոփոխություններից են նաև ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող գործառույթները հստակեցնող դրույթները։
- ✦ Նախագծում «հատուկ դպրոց» հասկացությունը վերաձևակերպվել է՝ դառնալով «հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն», որտեղ երեխաների կրթության և զարգացման ապահովման համար հատուկ կրթական ծրագիր իրականացնելու հետ մեկտեղ, մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող ծառայություններ են մատուցվելու։
- ✦ Փոփոխվում է նաև «կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին տրվող բարձրացված չափաքանակ» հասկացությունը՝ վերախմբագրվելով հետևյալ բովանդակությամբ․ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում»։
Օրենքի փոփոխություններին առավել մանրամասն ծանոթանալու և քննարկումներին մանակցելու համար հետևեք հղմանը:
«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության նախագծի լրամշակված տարբերակի հանրային քննարկումը կշարունակվի մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը: