«Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լրամշակված տարբերակի քննարկման նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կրթական խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Օրենքի փոփոխության գլխավոր նպատակը հանրակրթության ոլորտում կուտակված խնդիրների արդյունավետ և ամբողջական լուծումն է:
Ժ․Անդրեասյանի տեղեկացմամբ Ազգային ժողովում «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները չորս հիմնական ուղղությամբ են իրականացվում`
- ✦ հանրակրթության բովանդակություն,
- ✦ ուսուցիչների մասնագիտական զարգացում և կատարելագործում` աշխատավարձի հետ փոխկապակցված,
- ✦ համընդհանուր ներառականություն,
- ✦ կառավարման արդյունավետության բարձրացում:
Օրենքը չի շրջանցում նաև ներառական կրթության ոլորտի կատարելագործմանն ուղղված փոփոխությունները:
Համընդհանուր ներառականության ուղղությամբ կատարված ամենամեծ փոփոխությունն այն է, որ կրթության առանձնահատուկ կարիք է դիտարկվել ոչ միայն սահմանափակ կարողություններ և դժվարություններ ունեցողների, այլև բարձր ընդունակությամբ երեխաների կրթության կազմակերպումը:
Օրենքի նախագծից հանվել է «հակասոցիալական վարք» հասկացությունը, փոխարենը ներմուծվել է նոր մոտեցում. դեռևս պահպանվող հատուկ դպրոցները կվերածվեն ռեսուրս կենտրոնների:
Կփոխվի նաև ֆինանսավորման մոդելը. յուրաքանչյուր դպրոց փոփոխված հաստիքացուցակով կստանա համապատասխան կադրային ներուժ` մասնագիտական աջակցության համար, ինչպես նաև կապահովվի միջավայրի հարմարեցում:
Հունվարի 25-ին Ազգային ժողովում նախատեսված են «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխության լսումները, որոնց կարող են մասնակցել նաև հանրային կառույցների, հանրակրթական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ