2022 թվականի մարտ ամսից մեկնարկել են «Ուսուցչի օգնականի դերն ու գործունեությունը» թեմայով հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցչի օգնականների վերապատրաստման դասընթացները։ Վերապատրաստումն իրականացնում են Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետները։
Վերապատրաստման դասընթացի նպատակն է` նպաստել ուսուցչի օգնականների մասնագիտական կարողությունների հզորացմանը` սովորեցնելով
- ✦ տարբերակել ուսուցչի օգնականի դերը, գործառույթները և աշխատանքի ուղղությունները հանրակրթական ուսումնական հաստատությունում,
- ✦ կազմել ուսուցչի օգնականի տարեկան պլան` հիմքում ընդունելով ուսուցչի օգնականի աշխատանքների տարեկան ծրագիրը,
- ✦ աջակցել ուսուցչին դասի պլանավորման և կազմակերպման գործընթացում` կիրառելով ուսումնառության համընդհանուր ձևավորման սկզբունքներն ու մոտեցումները,
- ✦ մասնակցել դասին որպես աջակցող դասավանդող` ըստ անհրաժեշտության և ուսուցչի պլանավորման,
- ✦ համագործակցել կրթության կազմակերպման և աջակցության տրամադրման գործընթացներում ներգրավված բոլոր կողմերի հետ:
Դասընթացի տեսական մասը հագեցած է դասավանդման տարբեր մեթոդներով։ Մասնակիցների հետ իրականացվում են գործնական աշխատանքներ՝ տեսական գիտելիքների ամրապնդման և համակարգման նպատակով:
Դասընթացների մեկնարկը տրվել է Արմավիրի և Լոռու մարզերում, որոնց արդեն մասնակցել են հանրակրթական ուսումնական հաստատությունների շուրջ 380 ուսուցչի օգնականներ։ Մասնակիցներն ակտիվ ներգրավված են եղել բոլոր աշխատանքներին` դրսևորելով բարձր պատրաստակամություն նոր գիտելիքներ ձեռք բերելու և աշխատանքային գործընթացում կիրառելու համար:
«Ուսուցչի օգնականի ձեռնարկ» մեթոդական ուղեցույցի հիման վրա վերապատրաստումներն իրականացվում են միայն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի մասնագետների կողմից: