Հրատարակություններ 2022

Արդյունավետ հարմարեցումներ
Որակյալ կրթություն
Մեթոդական ուղեցույց
Ձեռնարկ մանկավարժների համար

Սույն ձեռնարկը կառուցված է վերաբերմունքի՝ որպես ներառականության գրավականի, սոցիալական ու ֆիզիկական միջավայրերի հարմարեցման և ուսուցման մեթոդների ու հնարների հիմնահարցերի ներկայացման հիման վրա: Ներկայացված մեթոդներին ու հնարներին կից, որքան էլ որ դրանց քաջածանոթ են մեր մանկավարժները, տրվում են կրթության առանձնահատուկ պայմանների տարբեր կարիքներ ունեցող սովորողների արդյունավետ ուսումնառությունն ու մասնակցությունը խթանող մեթոդական ցուցումներ՝ հարմարեցումների և այլընտրանքային տարրերի նկարագրությամբ: Ձեռնարկի նպատակն է հնարավորություն ընձեռել ուսուցիչներին, ուսուցչի օգնականներին և կրթական ոլորտում աշխատող այլ մասնագետներին մասնակից լինել համընդհանուր ներառականության գաղափարի ներդրմանը և ինքնուրույն կարողանալ ապահովել անհրաժեշտ հարմարեցումները՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի կարողություններն ու կրթական կարիքը:

ՈՒՍՈՒՑՉԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՁԵՌՆԱՐԿ
Մեթոդական ուղեցույց
Ուսուցչի օգնականների համար

Սույն ձեռնարկն ուղղված է ուսուցչի օգնականի պարտականությունների և անելիքների հստակեցմանը, ինչպես նաև՝ ուսուցիչների հետ համագործակցության ձևերի նկարագրությանը։
Ձեռնարկը բաղկացած է 3 մասից։
Առաջին մասում ներկայացվում են ուսուցչի օգնականի աշխատանքի մոդելները` նրա առջև դրված պահանջները և պարտականություններն ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանի Հանրապետությունում:
Երկրորդ մասում ներկայացվում է ուսուցչի օգնականի գործունեության հիմնական բովանդակությունը և իրականացվող աշխատանքների ուղղությունները` որպես հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի:
Երրորդ մասում ներկայացվում է ուսուցչի օգնականի և կրթական գործընթացին մասնակից բոլոր օղակների միջև համագործակցության կարևորությունը, համատեղ իրականացվող աշխատանքները, որոնք միտված են ուսուցման գործընթացի արդյունավետ իրականացմանը:

Ինչպես խթանել ներառումը դասարանում
Մեթոդական ուղեցույց ուսուցիչների համար

Ձեռնարկը բաղկացած է 3 մասից։ Առաջին մասում ներկայացվում են ներառական կրթության հիմնախնդիրները, մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները։ Դրանք ներկայացվում են իրավական ակտերի, ուսուցիչների, ծնողների և կրթության մասնագետների դիտանկյունից։ Երկրորդ մասում ներկայացվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության և զարգացման առանձնահատկությունները, արդյունավետ ռազմավարությունները, մեթոդները, հնարները, հարմարեցումները, որոնք կարող են կիրառվել հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Երրորդ մասում ներկայացվում են ուսուցիչ-ծնող-մասնագետ արդյունավետ համագործակցության սկզբունքներն ու ուղղությունները, կրթական գործընթացի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները։ Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների, կրթության մասնագետների և կրթության հարցերով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար:

Skip to content