Հոկտեմբերի 14-15-ը «Հույսի կամուրջ» և «Վորլդ Վիժն» կազմակերպությունների կողմից կազմակերպվել էր «Կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունը» թեմայով երկօրյա աշխատաժողովը:
Աշխատաժողովի նպատակն էր վեր հանել կրթության կազմակերպման գործընթացի ներառականությանը խոչընդոտող ու խթանող գործոնները և համատեղ ջանքերի ներդրմամբ աջակցել այդ գործընթացի բարելավմանը՝ խթանելու Հայաստանի Հանրապետությունում բոլոր երեխաների համար ներառական և հավասարապես որակյալ կրթությունը:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց «Հույսի կամուրջ» ՀԿ-ի կողմից Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ իրականացված ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության կազմակերպման գործընթացի ներառականությունը գնահատող հետազոտության արդյունքները։ Հետազոտությունը կատարվել է Եվրոմիության կողմից ֆինանսավորված և «Հույսի կամուրջ», «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» և «Հայ օգնության ֆոնդ» կազմակերպությունների կողմից իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակում:
Աշխատաժողովի ընթացքում փոխըմբռման հուշագրեր ստորագրվեցին «Հույսի կամուրջ» ՀԿ և «Կրթության զարգացման և նորարարության կենտրոն» հիմնադրամի միջև, ինչպես նաև «Հույսի կամուրջ» ՀԿ և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև:
Սկզբնաղբյուր՝ Bridge of Hope/Հույսի կամուրջ ՀԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջ