«Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) ծրագրի շրջանակում 2023թ․ ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Համայնքի սոցիալական աշխատողը բարեփոխումների կենտրոնում» թեմայով միջոցառում, որը միտված էր ընդգծելու սոցիալական աշխատողի կարևորությունը սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումների համատեքստում: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ներկայացվեցին սոցիալական աշխատանքի ինստիտուտի ներդրման գործընթացը, սոցիալական պաշտպանության ինստիտուտի խնդիրներն ու տեսլականը, կարևորվեցին սոցիալական աշխատողի դերը, մասնագիտական կրթությունն ու վերապատրաստումները, ինչպես նաև կրթության, առողջապահության և հարակից ոլորտների ներգրավվածությունն ու միջգերատեսչական համագործակցությունը՝ տարբեր իրավիճակներում առաջացող խնդիրներին լուծում տալու համար։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանը կարևորեց սոցիալական աշխատողի դերը տարբեր ոլորտներում և հատկապես կրթական ծառայություններ տրամադրող հաստատություններում, անդրադարձավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող՝ ուսումնական հաստատությունների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրին և սոցիալական աշխատողների դերին այս շրջանակում, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և նրանց կրթական համակարգ վերադարձնելու հստակ ընթացակարգերին՝ այս առումով ևս ակնկալելով սոցիալական աշխատողների հետ համագործակցությունը:
Ծրագրի կրթական բաղադրիչի մասին խոսեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հ․ Ադամյանը՝ առանձնացնելով երեխաների պաշտպանության ոլորտի դերակատարների, մասնավորապես՝ սոցիալական աշխատողների համագործակցության ձևերը, ընթացակարգերը և արդյունավետությունը ներառական կրթության համապատկերում։
Մասնակիցներն անդրադարձան սոցիալական աշխատողի գործառույթներին վերաբերող այլ մանրամասների, ներկայացվեցին ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները, ինչպես նաև գործընկերների հետ համագործակցության կարևորությունը ծրագրի իրականացման տարբեր փուլերում։
Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից և իրականացվում Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի, Կանանց աջակցման կենտրոնի և «ԱՌՆԱՊ» հիմնադրամի համագործակցությամբ։