2023թ․ ապրիլի 19-ին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի Կրթության և գիտության հարցերի հանձնաժողովի Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման փորձագիտական խորհրդի ընդլայնված կազմով նիստի շրջանակում տեղի ունեցավ «Հատուկ կրթությունը 21-րդ դարում» միջազգային գիտակրթական ֆորումը։
Ֆորումի նպատակն էր հատուկ կրթության իրականացման ժամանակակից մոտեցումների տեսանկյունից դիտարկել դրանց զարգացման հեռանկարները, մշակել այդ հեռանկարներն ավելի արդյունավետ դարձնելու մեխանիզմներ։
Համաժողովին զեկույցով հանդես եկավ նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը։ Զեկույցի թեման էր «Ներառական կրթությունը որպես որակյալ և հասանելի կրթության երաշխիք Հայաստանի Հանրապետությունում»։
Հ․ Ադամյանը ներկայացրեց կրթության բոլոր մակարդակներում ներառական որակյալ կրթության համակարգի ներդրման ու ամրապնդման միտումները, ՀՀ օրենսդրական կարգավորումները ներառական կրթության անցման գործընթացում։ Նա անդրադարձավ նաև այս ուղղությամբ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի գործունեությանը, մասնավորապես՝ ՀՀ-ում գործող երեխայի կրթական կարիքների արձագանքման եռաստիճան համակարգին, ինչպես նաև արդյունավետ խելամիտ հարմարեցումների սահմանման և տրամադրման ընթացակարգերին։
Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակներում նա կարևորեց`
- ✦ Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում հոգեբանների ներգրավումը՝ այս համատեքստում առանձնացնելով ՀՄԿ-ի կողմից իրականացվող հոգեբանների մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ու արդիականացմանն ուղղված աշխատանքները,
- ✦ հատուկ դպրոցները ռեսուրս-կենտրոնների և կրթական ծրագրեր իրականացնող մանկավարժահոգեբանական ուսումնական հաստատությունների վերափոխելու գործընթացները,
- ✦ ինչպես նաև համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում: