Դեկտեմբերի 5-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը ՄԱԿ-ի զարգացման աջակցության ծրագրի (ՄԱԿԶԱԾ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԿԲՀ) գրասենյակների հետ համատեղ կազմակերպել էին Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված առցանց վեբինար «Փոխակերպող լուծումներ ներառական զարգացման համար. նորարարության դերը մատչելի և արդար աշխարհի ստեղծման գործում» թեմայով:
Ելույթներով հանդես եկան ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՄԱԿԶԱԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿԲՀ-ի և ՄԱԿ-ի մյուս գործակալությունների, միջազգային կազմակերպությունների, հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և ընկերակցությունների ներկայացուցիչներ, զարգացման գործընկերներ:
Վեբինարի նպատակն էր ստեղծել գիտելիքի և փորձի փոխանակման հարթակ հիմնական որոշում կայացնողների և Հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների (OPDs) միջև նորարար և փոխակերպող լուծումների դրական օրինակների միջոցով, նորարական լուծումներ գտնել հաշմանդամների ու նրանց ընտանիքների համար զբաղվածության, կրթության և այլ ոլորտներում փաստացի առկա անհավասարության նվազեցման ուղղությամբ:
Քննարկումը տեղի ունեցավ երեք առանցքային թեմաների շուրջ.
- ✦ Նորարարական տեխնոլոգիաներ զբաղվածության ոլորտում հաշմանդամություն ունեցող անձանց ներառական զարգացման ուղղությամբ:
- ✦ Նորարարություն հաշմանդամություն ունեցող անձանց ներառական զարգացման համար՝ որպես անհավասարության նվազեցման միջոց (ՀԶՆ 8):
- ✦ Նորարարություն հաշմանդամություն ունեցող անձանց ներառական զարգացման համար. սպորտը որպես օրինակելի փորձ։
Բանախոսներն անդրադարձան Հայաստանում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի կիրարկման գործընթացին, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվող ներառական ծրագրերին՝ հիմնվելով հաշմանդամություն ունեցող երեխաների և անձանց հաշմանդամության գնահատման նոր մոդելի, կարիքահեն գնահատման ու թիրախային ծառայությունների մատուցումը դյուրացնելու գործում Աջակցող տեխնոլոգիաների կիրառման վրա: Մասնակիցները խոսեցին նաև համընդհանուր ներառական կրթության ներդրման ընթացքում ի հայտ եկած խնդիրների մասին: Եղան առաջարկություններ նշված խնդիրների լուծման մեխանիզմներ գտնելու ուղղությամբ:
Վեբինարն ավարտվեց ակտիվ քննարկումներով: