Դեկտեմբերի 2-ին Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը կազմակերպել էր աշխատաժողով «Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության կազմակերպման մարտահրավերներ» խորագրով:
Աշխատաժողովին հրավիրված էին ՀՀ-ում ներառական կրթության ուղղությամբ աշխատանքներ իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ներկաներին ողջունեց ՀՄԿ տնօրեն Արաքսիա Սվաջյանը: Խոսելով ներառական կրթության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի ու մարտահրավերների մասին՝ նա հանգամանալիորեն ներկայացրեց Հայաստանի Հանրապետությունում ներառական կրթության կազմակերպման գործող համակարգը, առկա խնդիրները և դրանց լուծման համար անհրաժեշտ քայլերն ու իրականացվող բարեփոխումները, արդեն իսկ կատարված աշխատանքներն ու ոլորտում առկա շոշափելի ձեռքբերումները։ Նա առանձնահատուկ նշեց հանրապետությունում կայացած ներառական ենթակառուցվածքներ ունենալու հանգամանքը, որը Հայաստանի համար մոդել-երկիր դառնալու հեռանկար կարող է ապահովել: Անդրադարձ կատարվեց նաև մարտահրավերներին՝ առանձնացնելով դրանցից մի քանիսը․ ուսուցիչների և մասնագետների կարողությունների զարգացում, ծնողների իրազեկության բարձրացում, ֆինանսավորման նոր համակարգի ներդրում ուսումնակական հաստատություններում, ՄԿՈՒ համակարգի զարգացում և այլն։
Բանախոսները ներկայացրին ներառական կրթության ոլորտում իրենց իրականացրած ծրագրերը, առկա դրական փորձը, հետևություններն ու եզրահանգումները: Նրանք ողջունեցին միասնաբար աշխատելու գաղափարը․ պայմանավորվածություն ձեռք բերվեց հաջողված փորձով միմյանց հետ կիսվելու և հետագա քայլերը քննարկելու նպատակով ևս մեկ հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։