«ՄԻԱՍԻՆ» թատերախմբի բեմական շրջագայությունների մեկնարկը տրված է
2022թ․ նոյեմբերի 30-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» ներառական թատերախմբի «ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ, ՔԱՆ ԹՎՈՒՄ Է» ներկայացումը՝ բեմադրված ըստ Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի Փու արջուկը» վիպակի:
Բեմադրությունը Հրազդանում ներկայացնելու գաղափարն իրականություն դարձավ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Կոտայքի մարզպետարանի համագործակցության արդյունքում:
Ռեժիսոր Մարինե Ասատրյանի ղեկավարությամբ «ՄԻԱՍԻՆ» ներառական թատերախումբն հանդիսատեսին ներկայանում է արդեն երկրորդ անգամ: Այժմ նրա յուրօրինակ ներկայացումը, դերասանների խաղն ու կատարողական արվեստը գնահատելու հնարավորություն ունեցավ նաև Հրազդանի հանդիսատեսը, ով թատերախմբին ընդունեց առանձնահատուկ ջերմությամբ: Հանդիսատեսները մեծամասամբ երեխաներ էին՝ Հրազդանի տարբեր դպրոցների սաներ, ովքեր դերասանների, նրանց կերպավորած դերերի ու հենց խաղի միջոցով հաղորդակցվում էին ՄԻԱՍԻՆ պատնեշները հաղթահարելու, ՄԻԱՍԻՆ ուժեղ լինելու գաղափարին: Բնակության տարբեր վայրերում, հասարակական, կենցաղային, մշակութային տարբեր միջավայրերում գտնվող երեխաների գաղափարական միասնությունն իր հերթին բացահայտում էր ներառական թատերարվեստի հնարավորությունները. ներառական թատերախումբը հասել էր իր առջև դրված նպատակին:
Հրազդանի թատերասեր հանրությանը ներկայանալու այս արդյունավետ փորձը հաստատում է ներառական թատերախմբի գաղափարը մարզերում ևս ներդնելու կարևորությունը:
Նշենք, որ նախագիծն իրականացվում է 2022թ. ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ներառական նախագծեր ժամանակակից արվեստի ոլորտում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: