ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացավ «Միասին ստեղծում ենք» ծրագիրը, որի նպատակն էր բեմադրել և ցուցադրել մանկական ներկայացում՝ ապահովելով երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու սոցիալ-հասարակական կյանքում նրանց լիարժեք ներգրավվածությունը ժամանակակից արվեստի միջոցով՝ անկախ ֆիզիկական և մտավոր զարգացման առանձնահատկություններից: Ծրագրի շրջանակում Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» Ներառական թատերախմբի կողմից բեմադրվեց «ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ, ՔԱՆ ԹՎՈՒՄ Է» ներկայացումը ըստ Ալան Ալեքսանդր Միլնի «Վինի Փու արջուկը» վիպակի։ Ներառական թատերախումբը կազմված է 12 մասնակիցներից /7-16 տարեկան երեխաներ/:
Ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացվել են ըստ ժամանակացույցի։ Ստեղծվել է աշխատանքային թիմ, որի կազմում ներգրավված էին դրամաթերապիստ ռեժիսոր Մարինե Ասատրյանը և ՀՄԿ աջակցող թիմի անդամները (հոգեբան, լոգոպեդ)։ Ծրագրի սկզբնական փուլում կազմակերպվել են հանդիպումներ երեխաների և ծնողների հետ։ Ընտրվել է ներկայացման թեման․ սցենարի մշակումից հետո կատարվել է դերերի բաշխում՝ հենց երեխաների կողմից։ Այնուհետև սկսվել է ակտիվ փորձերի շրջանը, որի ժամանակ ծրագրում ներգրավված մասնագետների կողմից ստեղծվել է անկաշկանդ մթնոլորտ, որտեղ հաշվի են առնվել յուրաքանչյուր երեխայի կարծիքը՝ օգնելով նրանց ձերբազատվել հոգեբանական մի շարք խնդիրներից։ Ծրագրի շրջանակում հնարավորություն է տրվել երեխա-ստեղծագործողներին զարգացնել սեփական «ձայնը»` ունենալով պրոֆեսիոնալ մասնագետների կողմից աջակցություն և հետադարձ կապ: Թատերախումբը ներկայացումներով հանդես է եկել Երևանի Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնում (շուրջ 80 հանդիսատես) և Կոտայքի մարզի Հրազդանի Դրամատիկական թատրոն-Մշակութային կենտրոնում (շուրջ 300 հանդիսատես)։ Ներկայացումները ստացել են լայն արձագանք․ թատերասեր հանրությանը ներկայանալու այս արդյունավետ փորձը ևս մեկ անգամ հաստատեց ներառական թատերախմբի գաղափարը մարզերում ևս ներդնելու կարևորությունը։
Թատերարվեստի միջոցով երեխաների և, առհասարակ, հասարակության համար բազմազանությունը որպես արժեք ձևավորելու, այդպիսով հասարակական կյանքի բոլոր ոլորտներում իրական ներառում ապահովելու հաջող մեկնարկն իր տրամաբանական ընթացքի մեջ է։