2023թ. մայիսի 5-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցությամբ Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում բացվեց «Հատուկ գույքադարան»` կենտրոն հաճախող հաշմանդամություն ունեցող երեխաներին աջակցության ծառայություններ մատուցելու և նրանց սոցիալական ներառմանը նպաստելու նպատակով:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տ.Ստեփանյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գ․Ասրյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի բաժնի ղեկավար Ա․Պողոսյանը, «ՍՈՐՍ» հիմնադրամի տնօրեն Մ.Պարազյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լ.Մնացականյանը և տնօրենի տեղակալ Հ․Ադամյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ, ովքեր ողջունեցին և կարևորեցին նման ծառայության ներդրումը Լոռու մարզում:
Ծրագրի շնորհիվ կենտրոնի շահառու 50 երեխաներ կկարողանան օգտվել մարզական և վերականգնողական, զգայական ինտեգրացիայի և մարմնի հարմարավետ դիրքավորման համար նախատեսված շուրջ 60 տեսակի գույքից:
Ծրագրով նախատեսվում է նաև ծնողների վերապատրաստում համապատասխան մասնագետների կողմից՝ գույքը ճիշտ օգագործելու հմտությունների տիրապետման և արդյունավետության ապահովման համար: Ի դեպ, երեխաները գույքից կարող են օգտվել նաև տանը, դպրոցում, համայնքային այլ կենտրոններում:
Ծրագիրը պիլոտային է, և հաջողելու դեպքում գույքադարաններ կբացվեն նաև մյուս մարզերում:
Սույն ծրագիրն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Բարելավված ծառայություններ հավասար մասնակցության և ներառական զարգացման համար» և ՄԱԿ-ի Գործընկերության ծրագրի շրջանակներում, ՄԱԿԶԱԾ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոնվենցիայի կիրարկման և հաշմանդամություն ունեցող անձանց ներառման ծրագրերի ներդրման համար բարենպաստ միջավայրի և էկոհամակարգի ստեղծում» ծրագրերի շրջանակներում: