Բլոգ | Հայկուհի Ադամյան | Մանկական գրականություն կարեվոր եվ հասանելի

ԳՈւՅՆԵՐԻ ՀՐԵՇԸ ԳՆՈւՄ Է ԴՊՐՈՑ

Հեղինակ` Աննա Լենաս

Իհարկե բոլորս գիտենք, թե ինչքան կարևոր է երեխային հոգեպես պատրաստել դպրոցին, բայց նաև կարևոր է պատմել նրան, թե ինչ է իրենից ներկայացնում այդ «դպրոցը»: Հնարավոր է, որ երեխան ունենա վախի, անորոշության կամ այլ բացասական զգացումներ: Այդ զգացումներն ունենալը բնական է: Ըստ մեզանում ամրացած և կարծրացած մոտեցման՝ դպրոցը միայն գիտելիք ստանալու համար է: Սակայն ոչ պակաս, թերևս նույնիսկ առավել կարևոր են այն հարաբերությունները, որոնք երեխան կձևավորի դպրոցական տարիքում: Դպրոցը միջավայր է, որտեղ ձևավորվում է երեխայի հուզական աշխարհը: Անհրաժեշտ է խոսել և նախապատրաստել երեխային այն ապրումներին, որոնք նա կարող է ունենալ դպրոցում՝ շեշտը դնելով հիմնականում դրական ապրումների վրա՝ հուզմունք, ուրախություն, հիացմունք, ոգևորություն և այլն: Հուսով ենք՝ «Գույների հրեշը» գիրքը դուր կգա բոլոր երեխաներին:
Դե ինչ, բարի դիտում:

ԱՐԻ ԽԱՂԱՆՔ

Հեղինակ` Հենրի Թուլեթ 

Նկատե՞լ եք, որ երեխաները սիրում են այնպիսի գրքեր, որոնք ընթերցելիս կարող են շարժվել, խոսել կամ նույնիսկ տեսնել, թե ինչպես են իրենց կատարած գործողությունները փոխում «աշխարհը»:
Վստահ ենք, որ այս ինտերակտիվ գիրքը դուր կգա փոքրիկներին և կդառնա իրենց սիրելի գիրք-ընկերը:

ՇԱՏ ՍՈՎԱԾ ԹՐԹՈւՐԸ

Հեղինակ` Էրիկ Կարլ

Այս գիրքը իր հանդիսատեսին գրավում է սիրելի թրթուրով, որն ուտում է ամեն ինչ, ներառյալ կարկանդակներն ու սառնաշաքարները: Այն ցույց է տալիս շատ սոված թրթուրի առաջընթացը, որն իր ճանապարհն անցնում է բոլոր տեսակի մթերքների միջով մինչև գեղեցիկ թիթեռի վերածվելը: Գիրքը երեխաներին տեղեկացնում է մի քանի հասկացությունների մասին, ինչպիսիք են հաշվելը, շաբաթվա օրերը, թիթեռի կյանքի փուլերը, սնունդը:

ԳՈՒՅՆԵՐԻ ՀՐԵՇԸ

Հեղինակ` Աննա Լենաս

Մի օր գույների հրեշն արթնանում է շատ շփոթված: Նա ունի տարատեսակ հույզեր. նա միաժամանակ և՛ բարկացած է, և՛ ուրախ, և՛ հանգիստ, և՛ տխուր, և՛ վախեցած: Նրան օգնելու համար մի փոքրիկ աղջիկ գույների միջոցով ցույց է տալիս, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր հույզը: Երբ մեր սիրելի հրեշը սովորում է տեսակավորել և ճանաչել իր հույզերը, արդյունքում նա ինքնագիտակցություն և խաղաղություն է ձեռք բերում: Երեխաները կվայելեն այս հիանալի գիրքը, որում շատ պարզ և մատչելի ուսումնասիրվում ինչպես սոցիալ-հուզական աճի, այնպես էլ գունային հասկացությունները:

ԻՆՉ ՀԱՄ ՈՒՆԻ ԼՈՒՍԻՆԸ

Հեղինակ` Մայքլ Գրեյնեց

Այս պատմությունը այն երազանքների մասին է, որոնց առաջին հայացքից թվում է, թե անհնարին է հասնել, սակայն դրանք դարձան հնարավոր` միմյանց հետ համագործակցելու շնորհիվ: Այս գիրքը մեզ սովորեցնում է, որ միասնականությունը ուժ է, և որ չկան ոչ մի անհաղթահարելի խոչընդոտներ նպատակների իրականացման ճանապարհին, եթե մենք համագործակցում և աշխատում ենք միասին:
Դե ինչ, բարի դիտում:
Skip to content