ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ «ՄԻԱՍԻՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐՈՎ ՀԱՆԴԵՍ ԳԱԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՄԱՐԶԵՐՈՒՄ։
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակում 2023 թ. հունիսի 7-ին իր նոր՝ «Խաղաղ մանկություն» բեմադրությամբ «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը ներկայացավ «ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայք»-ում, որտեղ փոքրիկ հանդիսատեսը նրան դիմավորեց հետաքրքրությամբ ու սիրով։
Ներկայացման հերոսները մանկական գյուղի փոքրիկ բնակիչների հետ փորձեցին բացահայտել դեպի խաղաղություն տանող ճանապարհի առեղծվածները։ Նրանք միասին որոնեցին և գտան երեխաների համար մեր օրերի ամենապահանջված արժեքը՝ խաղաղությունը՝ աղավնու կերպարով, և վերադարձրին այն մարդկությանը: Ապա միասին երգեցին «Մանկություն» երգը՝ յուրովի հաստատելով, որ ուրախ ու երջանիկ մանկության կարևոր նախադրյալը խաղաղությունն է:
«Խաղաղ մանկություն» բեմականացումը, որի սցենարի համահեղինակն է թատերախմբի մասնակից տասնչորսամյա Սոնա Սարգսյանը, իրականություն դարձավ ռեժիսոր, դրամաթերապիստ Մարինե Ասատրյանի ղեկավարությամբ։ Նա մանկապատանեկան թատերական բազմաթիվ նախագծեր է իրականացրել` հանրությանը ներկայանացնելով թատերական արվեստի միջոցով ներառական հասարակության կառուցման ևս մեկ փորձ։
Մանկական գյուղի թատերական խմբի փոքրիկ դերասանները հանպատրաստից ներգրավվեցին ներկայացմանը և համագործակցված խաղի շնորհիվ դարձան «Խաղաղ մանկության» ստեղծման յուրահատուկ օգնականները։
Միասին բացահայտելու ու գտնելու, խաղաղության ճամփան միասին հարթելու իրենց պատրաստակամությամբ և ներուժով «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի դերասանները բազում ժպիտներ պարգևեցին փոքրիկ հանդիսատեսին, ովքեր նրանց ողջունեցին ջերմ ծափերով: