Հունիսի 7-9-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց «Երեխաների հանդեպ բռնության կանխարգելում և արձագանքում» թեմայով դասընթացավարների վերապատրաստման եռօրյա դասընթաց։
Դասընթացը կազմակերպվել էր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության, Մանկական զարգացման հիմնադրամի համագործակցությամբ «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) կրթական ծրագրի շրջանակում։ Այն միտված էր նպաստելու ոլորտում աշխատող մասնագետների կարողությունների զարգացմանը, երեխաների հանդեպ բռնության, երեխաների պաշտպանության համակարգի և ոլորտում առկա խնդիրների հայտնաբերման ու լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Դասընթացի մասնակիցներին ողջունեցին ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը և «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» (CLASS) կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանը։ Լ․Մնացականյանն իր խոսքում կարևորեց երեխաների պաշտպանության ամբողջական համակարգի ձևավորումը՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և շարունակական համագործակցություն գործընթացի անընդհատ կատարելագործման համապատկերում։
Դասընթացն ընդգրկում էր երեխաների պաշտպանության ամբողջական համակարգի կառուցման 5 մոդուլ, որոնք միտված էին մասնագետների իրազեկության բարձրացմանը երեխաների նկատմամբ բռնության ճանաչման, ՀՀ օրենսդրական կարգավորումների, անվտանգ և պաշտպանված զարգացնող միջավայրի ստեղծման, ինչպես նաև բռնության դեպքերին արձագանքման ու համապատասխան հոգեբանական ծառայությունների տրամադրման առանձնահատկությունների ուղղությամբ։
Վերապատրաստման մասնակիցները իրենց մասնագիտական հմտությունները համալրեցին՝ իրազեկվելով երեխաների պաշտպանության մոտեցումների, Հայաստանում գործող երեխաների պաշտպանության հետ կապված իրավական դաշտի և ծառայություններ մատուցողների, ըստ ֆիզիկական և վարքային նշանների բռնությունը բացահայտելու, բռնության խնդիրներին արձագանքելիս երեխաների պաշտպանության սկզբունքները կիրառելու կարողությունների վերաբերյալ։