2023թ․ փետրվարի 6-7-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի Վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետ, սուրդոմանկավարժ Շ․Դումիկյանն իրականացրեց վերապատրաստման դասընթաց «Հնչյունային ռիթմիկայի կիրառման արդյունավետությունը՝ ուղղված լսողության խանգարումներ ունեցող երեխաների խոսքի ձևավորման և շտկման գործընթացին» թեմայով։
Դասընթացին մասնակցում էին Վաղարշապատի, Արմավիրի, Աշտարակի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների և նրանց սպասարկման տարածքում գտնվող դպրոցների լոգոպեդները և սուրդոմանկավարժները:
Դասընթացի նպատակն էր մասնագետներին իրազեկել լսողության խանգարումներ ունեցող երեխաների ուսուցման գործընթացում կիրառվող հնչյունային ռիթմիկայի համակարգին, շարժումներին, դրանց կիրառման ձևերին ու աշխատանքային մեթոդների սկզբունքներին:
Վերապատրաստման ընթացքում մասնագետները հնարավորություն ունեցան ուսումնասիրել`
- ✦ հնչյունային ռիթմիկայի արդյունավետությունը անհատական և խմբային պարապմունքների ընթացում` որպես երեխայի ընդհանուր զարգացման միջոց,
- ✦ շնչառական վարժությունների դերը խոսքային շնչառության ձևավորման ընթացքում,
- ✦ ձայնի որակիչները և դրա շուրջ իրականացվող աշխատանքի մեթոդները,
- ✦ անհատական և խմբային պարապմունքների ընթացքում հնչյունային ռիթմիկայի շարժումների յուրացումը սովորողների կողմից,
- ✦ վանկի, բառի, նախադասության շուրջ աշխատանքը հնչյունային ռիթմիկայի սկզբունքներով:
Վերապատրաստման ընթացքում կիրառվել են տարաբնույթ գործնական աշխատանքներ, վարժություններ և խաղեր, որոնք նպաստում են նոր հաղորդվող գիտելիքների յուրացմանը և ամրապնդմանը: