Հուլիսի 1-ին կմեկնարկի «EduArmenia2022» համահայկական գիտակրթական 3-րդ աշխատաժողովը: Այս տարի առաջին անգամ աշխատաժողովը կանցկացվի նաև առկա ձևաչափով: Մինչև հուլիսի 4-ը ներառյալ՝ կլինեն 120 ելույթներ, այդ թվում՝ առցանց հանդիպումներ։
Այսօր՝ հունիսի 30-ին, աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությունն էր: Մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կազմակերպիչները՝ «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Գոհար Գալստյանը, «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Ա. Սվաջյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, Հ. Ղազարյանը, կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչ տիկին Գալստյանը, EDU Armenia-ի հոգաբարձուների խորհրդի անդամ տիկին Կարինե Արմենը, EDU Armenia-ի դեսպան` ծրագրի ներկայացուցիչ տիկին Լուսինեն:
Աշխատաժողովի այս տարվա խորագիրն է «Ներառական կրթություն»։ Հատուկ շնորհակալություն հայտնեցին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրենին և անձնակազմին՝ համակարգման ու կազմակերպչական պատասխանատու, անձնազոհ աշխատանքի համար:
Ժ․ Անդրեասյանն էլ աշխատաժողովի անցկացումը արժևորեց ոլորտի տարբեր կառույցներին համախմբելու, փոփոխության ձգտող մանկավարժական համայնքի ներուժը բացահայտելու տեսանկյունից և վստահություն հայտնեց, որ ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է աջակցելու կրթական բարեփոխումներին միտված ցանկացած առաջարկի ու գաղափարի: Ելույթ ունեցողները նշեցին աշխատաժողովի կարևորությունն ու բարի երթ մաղթեցին մասնակիցներին:
Այսօր նաև համագործակցության հուշագիր կնքվեց Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և «Երիտասարդ Պատմագետների Ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև։ Հուշագրի նպատակը հանրակրթական ուսումնական հաստատություններում հանրակրթության բնագավառում արդի մեթոդական գործիքակազմի կիրառմանն ու տարածմանը նպաստելն է:
Համագործակցությունն ուղղված է լինելու երիտասարդ փորձագետների աջակցությանը, գիտական և կրթական նախագծերի իրականացմանը, մասնագիտական-փորձագիտական աջակցությանն ու խորհրդատվությանը։ Կողմերի համագործակցության հիմնական ուղղություններն են՝ համատեղ ֆորումների, գիտաժողովների, սեմինարների անցկացումը ոչ միայն Հիմնադրամի անձնակազմի, ուսանողների, երիտասարդ հետազոտողների, այլև՝ առաջատար մասնագետների, բուհերի դասախոսական կազմի, գիտնականների, միջազգային մասնագետների ներգրավմամբ:
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջ