Ինչ էլ որ լինի, մենք չենք հանձնվի
Ու կշարժվենք միշտ առաջ, միշտ առաջ․․․
Այս խոսքերով բեմ դուրս եկան Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի պատանի դերասանները «ՋՐԱՇՈՒՇԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ» ներկայացման առաջնախաղին, որը տեղի ունեցավ 2023թ-ի դեկտեմբերի 18-ին Խ․Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի դահլիճում։
«ՋՐԱՇՈՒՇԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ» պատմություն է դժվարություններից չընկրկող փոքրիկ սերմիկների մասին, որոնք, բազմաթիվ աշխարհներ անցնելով, բազում վտանգներ հաղթահարելով, իրավիճակներից ելքեր գտնելու վճռականությամբ զինված և հոգում պահած գանձերին ապավինելով, հասնում են իրենց երազանքին։ Գանձերի պահապանը նրանց է հանձնում բարությունը, ճշմարտությունը և համբերությունը՝ որպես պայքարի, դժվարին իրավիճակները հաղթահարելու բանալիներ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, շնորհավորելով առաջնախաղի առթիվ, վստահություն հայտնեց, որ թատերախումբը դեռ երկար ճանապարհ է անցնելու՝ ելույթներ ունենալով հանրապետության տարբեր բեմերում և հանդիսատեսին փոխանցելով դրական հույզեր ու ձեռք բերված փորձը։
ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ողջունեց թատերախմբի ելույթը՝ արժևորելով ստեղծագործական խմբի, ՀՄԿ թիմի և ծնողների նվիրվածությունը և սերտ համագործակցությունը։ Նա իր երախտիքի խոսքն ուղղեց բոլոր գործընկերներին, մասնավորապես շնորհակալություն հայտնելով Հայ օգնության ֆոնդին (FAR) Fund for Armenian Relief, Inc Մայրաք Վեյսբախ Հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կյանքի կոչվեց «ՋՐԱՇՈւՇԱՆԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ»։ Ներկայացմանն իրենց ակտիվ մասնակցության համար մեր փոքրիկ դերասանները և թատերախմբին աջակցող կամավորներն արժանացան պատվոգրերի։
Ներկայացման հերոսների հիանալի և էմոցիոնալ խաղը, որն ուղեկցվում էր գեղեցիկ երաժշտական ձևավորմամբ, հեղինակային երգերով և գունազարդ տեսարաններով, իրապես գրավեց հանդիսատեսին և արժանացավ ջերմ ծափահարությունների։
Ի դեպ՝ «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը ստեղծվել է 2022թ․ և իր գործունեության երկու տարիների ընթացքում հասցրել է հանդես գալ մի շարք ներկայացումներով՝ «Ավելի ուժեղ, քան թվում է», «Սուրբ Ծննդյան ծառը», «Խաղաղ մանկություն» և այլն։ Հյուրախաղերով ներկայացել է մայրաքաղաքի և մարզերի հանդիսատեսին՝ արժանանալով նրա ջերմ ընդունելությանը։
Թատերախմբի միջոցով երեխաների և, առհասաարակ, հասարակության համար բազմազանությունը որպես արժեք ձևավորելու, այդպիսով հասարակական կյանքի բոլոր ոլորտներում իրական ներառում ապահովելու գործընթացը շարունակվում է։
20.12.2023