Նոյեմբերի 10-13 «Մանկական և կրթության հոգեբանների հայկական ասոցիացիայի» կողմից Յունիսեֆի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ «Ճգնաժամային իրավիճակում հոգեկան առողջության և սոցիալական ոլորտի աշխատակիցների կարողությունների բարելավմանն ուղղված հոգեսոցիալական աջակցության ծրագրի» շրջանակում՝ համագործակցելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ԵՊՀ անձի հոգեբանության ամբիոնի հետ, իրականացվեց «Կրթության հոգեբանների աշխատանքը արտակարգ իրավիճակում» թեմայով հեռավար վերապատրաստման դասընթաց։
Վերապատրաստման դասընթացին մասնակցում էին ՀՀ հանրակրթական դպրոցների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հոգեբանները։
Վերապատրաստման ծրագրի շրջանակում հոգեբաններին փոխանցվեցին հետևյալ գիտելիքները և կարողությունները՝
✦ Պատկերացում հոգետրավմայի մասին,
✦ Հոգետրավմային տրվող տարիքային արձագանքները,
✦ Դպրոցական հոգեբանների արձագանքը հոգետրավմա ապրող աշակերտներին,
✦ Դպրոցական հոգեբանների աշխատանքը ուսուցիչների և ծնողների հետ,
✦ Ծանոթացում արտակարգ իրավիճակներում երեխաների հետ աշխատանքի մի շարք գործիքների հետ։
Ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում կրթական հոգեբանները հանդիսանում են այն աջակցող օղակը, որն անմիջականորեն աշխատում է տարբեր խմբերի հետ՝ աշակերտներ, ծնողներ, դպրոցական անձնակազմ, և անհրաժեշտ գործիքակազմին տիրապետումը ավելի արդյունավետ է դարձնում դպրոցում իրականացվող առաջին հոգեբանական աջակցությունը։