2022թ-ի հոկտեմբերի 20-ին Հայ օգնության ֆոնդի կողմից կազմակերպվել էր «Խելամիտ հարմարեցումները մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈՒ) հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար» թեմայով աշխատաժողով։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարության, ՀՄԿ-ի, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների անդամներ, միջազգային գործընկերներ և շահագրգիռ պետական կառույցների աշխատակիցներ:
Աշխատաժողովին ներկայացված օրենքի նախագծով հստակեցվում են ՄԿՈՒ հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսվող խելամիտ հարմարեցումները և ապահովվում հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կրթություն ստանալու հավասար հնարավորությունները, ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության հասանելիությունը, հատուկ կրթական պայմանները և ներառականության սկզբունքները։
Տիկին Անդրեասյանը կարևորեց քննարկումը և նշեց, որ հանրային քննարկման է դրված նաև «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի նախագիծը, որտեղ առանձին դրույթներ են առանձնացած կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպման հարցերի վերաբերյալ:
2023թ-ից նախատեսվում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրել Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողներին, ինչը խթանելու է այս ուսումնական հաստատություններում ներառական կրթության գործընթացը։
Սկզբնաղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջ