Բլոգ | Լյուդմիլա Գարեգինյան | Զարգացնող խաղեր

ՊԱՊՆ ՈՒ ՇԱՂԳԱՄԸ

Խաղը ստեղծված է «Պապն ու շաղգամը» ժողովրդական հեքիաթի հիման վրա և նախատեսված է տարրական դասարանների սովորողների համար։

Նպատակ

  • Զարգացնել երեխաների լսելու, կարդալու և հիշողության հմտությունները՝ միաժամանակ վերհիշելով հեքիաթի բովանդակությունն ու հիմնական գաղափարը։
  • Խթանել համագործակցության և միասնական ուժի արժեքների ըմբռնումը՝ դարձնելով ուսուցումն ավելի դինամիկ և մոտիվացնող:

Խաղի ընթացք

Սովորողները նախ լսում (աուդիո տարբերակով) կամ ընթերցում են «Պապն ու շաղգամը» հեքիաթը։ Այնուհետև անցնում են ինտերակտիվ խաղին, որը ներառում է տարբեր առաջադրանքներ՝

  • բազմատեսակ հարցեր,
  • բազմատեսակ հարցեր,
  • գործողությունների հերթականության վերականգնում և այլն։

Այս խաղի միջոցով սովորողները ոչ միայն ամրապնդում են հեքիաթի բովանդակությունը, այլև ակտիվ մասնակցում ուսուցման գործընթացին՝ զարգացնելով լեզվական, տրամաբանական, ինչպես նաև հաղորդակցման հմտություններ։ Խաղը նպաստում է նաև երեխաների ուշադրության, վերլուծական մտածողության և խմբային աշխատանքի կարողությունների զարգացմանը։

ԳՈՒՅՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՎ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ

Նպատակ

Խաղը նպաստում է կարմիր, կանաչ, կապույտ և դեղին գույների ճանաչմանը և ամրապնդմանը գունավոր, գրավիչ պատկերների կիրառմամբ։ Այն օգնում է երեխաներին տարբերակել նշված գույները, հիշել դրանց անունները և մտովի համադրել կոնկրետ առարկաների կամ երևույթների հետ։ Խաղը միաժամանակ նաև ուսուցողական միջոց է՝ գույների վերաբերյալ նոր տեղեկություններ հաղորդելու համար։

Գունավոր պատկերների կիրառումը նպաստում է երեխաների ճանաչողական գործընթացների զարգացմանը՝ խթանելով ուշադրությունը, հիշողությունը և մտածողությունը։

Խաղի ընթացք

Խաղացողը դիտում է գունավոր պատկերներ, որոնց բնորոշ է որևէ կոնկրետ գույն (օրինակ՝ կարմիր խնձոր, կանաչ տերև, կապույտ փուչիկ, դեղին արև)։ Նպատակն է ճիշտ համադրել պատկերը համապատասխան գույնի տիրույթի հետ։

Խաղը կարելի է անցկացնել հետևյալ ձևերով.

  1. Ինքնուրույն աշխատանք. երեխան դիտում է պատկերը և ընտրում համապատասխան գույնը։
  2. Ուսուցչի կամ մեծահասակի ուղղորդմամբ. երեխան նկարագրում է պատկերը, անվանում գույնը, պատմում՝ որտեղ է հանդիպել նման գույն, ինչով է այն տարբերվում մյուսներից։
  3. Խմբային քննարկման ձևով․ երեխաները համեմատում են գույները, փորձում հիշել առարկաներ, որոնք այդ գույնն ունեն։

Խաղը հնարավորություն է տալիս ոչ միայն սովորել գույները, այլ նաև ամրապնդել այդ գիտելիքները խաղային, տեսողական ու խոսքային ակտիվության միջոցով։

ԱՆՎԱՆԻՐ ՄԵԿ ԲԱՌՈՎ

Նպատակ

Նպաստել երեխայի ճանաչողության ընդլայնմանը, զարգացնել մտածողությունը, ուշադրությունը և հիշողությունը: Սովորեցնել դասակարգել, խմբավորել և ընդհանրացնել առարկաները:

Խաղի ընթացք

Մասնագետը հաջորդականությամբ նկար-քարտերը տալիս է երեխային: Յուրաքանչյուր քարտի վրա պատկերված են որոշակի խմբի առարկաներ, օրինակ՝ միայն կահույք, միրգ կամ բանջարեղեն: Երեխան պետք է ընդհանրացնի առարկաների խմբերը և անվանի մեկ բառով։

ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ 10-Ի ՍԱՀՄԱՆՈՒՄ

Նպատակ

10-ի սահմանում գումարման գործողություն կատարելու կարողության ամրապնդում:

Անհրաժեշտ նյութեր

Խաղն իր մեջ ներառում է 22 քարտ, որոնցից 11-ի վրա տրված են թվաբանական գործողություններ, իսկ մյուս 11-ի վրա գրված են այդ գործողությունների պատասխանները:

ՏԱՐՎԱ ԱՄԻՍՆԵՐՆ ԸՍՏ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ

Նպատակ

Խաղը երեխաների մոտ ձևավորում է տարվա եղանակների և եղանակներին համապատասխան ամիսների իմացություն: Խաղի միջոցով երեխան ձեռք է բերում գիտելիքներ տարվա եղանակների և ամիսների վերաբերյալ:

Խաղի ընթացք

Երեխան վերցնում է ամսվա քարտը և տեղադրում համապատասխան եղանակի վրա:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Նպատակ

Խաղը երեխաների մոտ ձևավորում է տարվա եղանակների և եղանակներին բնորոշ երևույթների իմացություն: Խաղի միջոցով երեխան ձեռք է բերում համեմատման, համադրման, խմբավորման, վերլուծություն կատարելու հմտություններ: Այն հնարավորություն է տալիս ավելացնել բառապաշարը և խթանել բանավոր խոսքի զարգացումը:

Խաղի ընթացք

Երեխան վերցնում է հրահանգված նկար-քարտը և տեղադրում համապատասխան եղանակի վրա: Երեխային հրահանգվում է անվանել նկարները, նկարագրել տարբեր հատկանիշներով և այլն:

Ի՞ՆՉ ՆՅՈՒԹԻՑ Է ՊԱՏՐԱՍՏՎԱԾ

Նպատակ

Խաղի օգնությամբ նախադպրոցական տարիքի երեխաները կծանոթանան տարբեր նյութերի հատկությունների սկզբնական հասկացություններին, կսովորեն առարկաները ընդհանրացնել ըստ այն նյութերի, որոնցից դրանք պատրաստված են: Զարգացնում է մտածողություն, տրամաբանություն, հիշողություն, ուշադրություն:

Խաղի ընթացք

Երեխան պետք է ճիշտ որոշի, թե ինչ նյութից են պատրաստված տարբեր առարկաները:

ԽՄԲԱՎՈՐԻՐ ՄԻՐԳԸ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԸ

Նպատակ

Խաղն ուղղված է երեխայի մտածողության և տրամաբանության զարգացմանը` համեմատման, համադրման, խմբավորման, վերլուծության հմտությունների զարգացմանը: Այն հնարավորություն է տալիս ավելացնել բառապաշարը և խթանել բանավոր խոսքի զարգացումը:

Անհրաժեշտ նյութեր

Երեխան վերցնում է հրահանգված նկար-քարտը և տեղադրում համապատասխանաբար ծառի վրա կամ բանջարանոցում: Կարող ենք երեխային խնդրել անվանել նկարները, նկարագրել տարբեր հատկանիշներով և այլն:

Խաղի ընթացք

Երեխան վերցնում է հրահանգված նկար-քարտը և տեղադրում համապատասխանաբար ծառի վրա կամ բանջարանոցում: Կարող ենք երեխային խնդրել անվանել նկարները, նկարագրել տարբեր հատկանիշներով և այլն:

ԳՏԻՐ՝ ՈՒՄ ՏՈՒՆՆ Է

Նպատակ

Զարգացնում է տեսողական հիշողությունը, ուշադրությունը, ճանաչողությունը, տրամաբանական մտածողությունը: Երեխան գիտելիքներ է ձեռք բերում կենդանիների, թռչունների, միջատների և նրանց «տների» մասին:

Անհրաժեշտ նյութեր

Կենդանիներ և դրանց ապրելու վայրը պատկերող նկար քարտեր:

Խաղի ընթացք

Մանկավարժը առաջարկում է երեխային վերցնել նկար- քարտերից որևէ մեկը: Երեխան անվանելով տվյալ կենդանուն պետք է տեղադրի այնտեղ, որտեղ բնակվում է տվյալ կենդանին, օրինակ՝ ձին բնակվում է ախոռում: Այս խաղը զարգացնում է նաև երեխայի բանավոր խոսքը, երեխաները ճանաչում են կենդանու պատկերը, անվանակոչելով տեղադրում են համապատասխան կենդանուն պատկանող բնակավայրի քարտի վրա:

ԹԻՎ-ՔԱՆԱԿ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նպատակ

Թիվը քանակի հետ համադրելու հմտության ձևավորում և ամրապնդում, ինչպես նաև ուշադրության և հիշողության զարգացում:

Անհրաժեշտ նյութեր

Խաղը կազմված է 20 քարտից, որոնցից 10-ի վրա առանձին-առանձին գրված են 1-10 թվերը, իսկ մյուս 10-ի վրա պատկերված են համապատասխան քանակությամբ առարկաներ:

Խաղի ընթացք

Բացելով որևէ քարտ՝ երեխան փորձում է գտնել դրան համապատասխան երկրորդը, օրինակ՝ եթե բացել է 2 թիվը, ապա պետք է գտնի երկու առարկայական նկարով քարտը: Եթե երկրորդ քարտ բացելով համընկնում չի լինում, ապա երեխան նորից փակում է բացված և միմյանց չհամապատասխանող քարտերը` փորձելով մտապահել դրանց տեղադրությունը քարտերի շարքում:

Skip to content