Բլոգ | Լյուդմիլա Գարեգինյան | Զարգացնող խաղեր

ԱՆՎԱՆԻՐ ՄԵԿ ԲԱՌՈՎ

Նպատակ

Նպաստել երեխայի ճանաչողության ընդլայնմանը, զարգացնել մտածողությունը, ուշադրությունը և հիշողությունը: Սովորեցնել դասակարգել, խմբավորել և ընդհանրացնել առարկաները:

Խաղի ընթացք

Մասնագետը հաջորդականությամբ նկար-քարտերը տալիս է երեխային: Յուրաքանչյուր քարտի վրա պատկերված են որոշակի խմբի առարկաներ, օրինակ՝ միայն կահույք, միրգ կամ բանջարեղեն: Երեխան պետք է ընդհանրացնի առարկաների խմբերը և անվանի մեկ բառով։

ԳՈՒՄԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ 10-Ի ՍԱՀՄԱՆՈՒՄ

Նպատակ

10-ի սահմանում գումարման գործողություն կատարելու կարողության ամրապնդում:

Անհրաժեշտ նյութեր

Խաղն իր մեջ ներառում է 22 քարտ, որոնցից 11-ի վրա տրված են թվաբանական գործողություններ, իսկ մյուս 11-ի վրա գրված են այդ գործողությունների պատասխանները:

ՏԱՐՎԱ ԱՄԻՍՆԵՐՆ ԸՍՏ ԵՂԱՆԱԿՆԵՐԻ

Նպատակ

Խաղը երեխաների մոտ ձևավորում է տարվա եղանակների և եղանակներին համապատասխան ամիսների իմացություն: Խաղի միջոցով երեխան ձեռք է բերում գիտելիքներ տարվա եղանակների և ամիսների վերաբերյալ:

Խաղի ընթացք

Երեխան վերցնում է ամսվա քարտը և տեղադրում համապատասխան եղանակի վրա:

ՏԱՐՎԱ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Նպատակ

Խաղը երեխաների մոտ ձևավորում է տարվա եղանակների և եղանակներին բնորոշ երևույթների իմացություն: Խաղի միջոցով երեխան ձեռք է բերում համեմատման, համադրման, խմբավորման, վերլուծություն կատարելու հմտություններ: Այն հնարավորություն է տալիս ավելացնել բառապաշարը և խթանել բանավոր խոսքի զարգացումը:

Խաղի ընթացք

Երեխան վերցնում է հրահանգված նկար-քարտը և տեղադրում համապատասխան եղանակի վրա: Երեխային հրահանգվում է անվանել նկարները, նկարագրել տարբեր հատկանիշներով և այլն:

Ի՞ՆՉ ՆՅՈՒԹԻՑ Է ՊԱՏՐԱՍՏՎԱԾ

Նպատակ

Խաղի օգնությամբ նախադպրոցական տարիքի երեխաները կծանոթանան տարբեր նյութերի հատկությունների սկզբնական հասկացություններին, կսովորեն առարկաները ընդհանրացնել ըստ այն նյութերի, որոնցից դրանք պատրաստված են: Զարգացնում է մտածողություն, տրամաբանություն, հիշողություն, ուշադրություն:

Խաղի ընթացք

Երեխան պետք է ճիշտ որոշի, թե ինչ նյութից են պատրաստված տարբեր առարկաները:

ԽՄԲԱՎՈՐԻՐ ՄԻՐԳԸ ԵՎ ԲԱՆՋԱՐԵՂԵՆԸ

Նպատակ

Խաղն ուղղված է երեխայի մտածողության և տրամաբանության զարգացմանը` համեմատման, համադրման, խմբավորման, վերլուծության հմտությունների զարգացմանը: Այն հնարավորություն է տալիս ավելացնել բառապաշարը և խթանել բանավոր խոսքի զարգացումը:

Անհրաժեշտ նյութեր

Երեխան վերցնում է հրահանգված նկար-քարտը և տեղադրում համապատասխանաբար ծառի վրա կամ բանջարանոցում: Կարող ենք երեխային խնդրել անվանել նկարները, նկարագրել տարբեր հատկանիշներով և այլն:

Խաղի ընթացք

Երեխան վերցնում է հրահանգված նկար-քարտը և տեղադրում համապատասխանաբար ծառի վրա կամ բանջարանոցում: Կարող ենք երեխային խնդրել անվանել նկարները, նկարագրել տարբեր հատկանիշներով և այլն:

ԳՏԻՐ՝ ՈՒՄ ՏՈՒՆՆ Է

Նպատակ

Զարգացնում է տեսողական հիշողությունը, ուշադրությունը, ճանաչողությունը, տրամաբանական մտածողությունը: Երեխան գիտելիքներ է ձեռք բերում կենդանիների, թռչունների, միջատների և նրանց «տների» մասին:

Անհրաժեշտ նյութեր

Կենդանիներ և դրանց ապրելու վայրը պատկերող նկար քարտեր:

Խաղի ընթացք

Մանկավարժը առաջարկում է երեխային վերցնել նկար- քարտերից որևէ մեկը: Երեխան անվանելով տվյալ կենդանուն պետք է տեղադրի այնտեղ, որտեղ բնակվում է տվյալ կենդանին, օրինակ՝ ձին բնակվում է ախոռում: Այս խաղը զարգացնում է նաև երեխայի բանավոր խոսքը, երեխաները ճանաչում են կենդանու պատկերը, անվանակոչելով տեղադրում են համապատասխան կենդանուն պատկանող բնակավայրի քարտի վրա:

ԹԻՎ-ՔԱՆԱԿ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Նպատակ

Թիվը քանակի հետ համադրելու հմտության ձևավորում և ամրապնդում, ինչպես նաև ուշադրության և հիշողության զարգացում:

Անհրաժեշտ նյութեր

Խաղը կազմված է 20 քարտից, որոնցից 10-ի վրա առանձին-առանձին գրված են 1-10 թվերը, իսկ մյուս 10-ի վրա պատկերված են համապատասխան քանակությամբ առարկաներ:

Խաղի ընթացք

Բացելով որևէ քարտ՝ երեխան փորձում է գտնել դրան համապատասխան երկրորդը, օրինակ՝ եթե բացել է 2 թիվը, ապա պետք է գտնի երկու առարկայական նկարով քարտը: Եթե երկրորդ քարտ բացելով համընկնում չի լինում, ապա երեխան նորից փակում է բացված և միմյանց չհամապատասխանող քարտերը` փորձելով մտապահել դրանց տեղադրությունը քարտերի շարքում:

Skip to content