ԲԼՈԳ | ԼՅՈՒԴՄԻԼԱ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ | ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐ

ԳՏԻՐ ԶՈՒՅԳԸ

Նպատակ

Զարգացնել ուշադրության կենտրոնացումն ու պահպանումը, տրամաբանությունը, ընդլայնել բառապաշարը: Նպաստել տարբեր առարկաների, դրանց առանձին հատկանիշների ճանաչողությանը, դրանց տրամաբանական ընդհանրությունները գտնելու ունակությունների ձևավորմանը:

Տարիքային խումբ

5 և ավելի բարձր տարիքի երեխաներ։

Անհրաժեշտ նյութեր

Նկար-քարտեր, որոնց վրա պատկերված են տարբեր առարկաներ, կենդանիներ, թռչուններ և այլն:

Ընթացք

Մասնագետը երեխային տրամադրում է նկար-քարտը, ծանոթացնում կամ հիշեցնում բոլոր պատկերների անվանումները: Այնուհետև նրան տրվում է առաջադրանք՝ գտնել պատկերների համապատասխան տրամաբանական զույգերը: Եթե երեխան դժվարանում է կատարել առաջադրանքը, մասնագետը բացատրում է, թե ինչ սկզբունքով են պատկերները կապված միմյանց հետ: Երեխան մատիտի օգնությամբ զույգերը միացնում է միմյանց:

ԱՆՎԱՆԻՐ ՄԵԿ ԲԱՌՈՎ

Նպատակ

Նպաստել երեխայի ճանաչողության ընդլայնմանը, զարգացնել մտածողությունը, ուշադրությունը և հիշողությունը: Սովորեցնել դասակարգել, խմբավորել և ընդհանրացնել առարկաները:

Տարիքային խումբ

Նախադպրոցական տարիքի երեխաներ։ Ըստ անհրաժեշտության կարելի է կիրառել նաև դպրոցահասակների հետ աշխատանքում:

Անհրաժեշտ նյութեր

Նկար-քարտեր

Ընթացք

Մասնագետը հաջորդականությամբ նկար-քարտերը տալիս է երեխային: Յուրաքանչյուր քարտի վրա պատկերված են որոշակի խմբի առարկաներ, օրինակ՝ միայն կահույք, միրգ կամ բանջարեղեն: Երեխան պետք է ընդհանրացնի առարկաների խմբերը և անվանի մեկ բառով։

Ցուցումներ

Հարկավոր է նկար-քարտերը տպել և կտրել նշված հատվածից։ Հնարավորության դեպքում կարելի է կիրառել քարտեր նաև էլեկտրոնային տարբերակով։

ՆԿԱՐ – ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նպատակ

Նկարների և պարզ պատմությունների հիման վրա խոսքը շարահյուսորեն ճիշտ կառուցելու հմտության ձևավորում, բառապաշարի հարստացում և ճանաչողական ոլորտի զարգացում:

Անհրաժեշտ նյութեր

Մեծահասակը երեխայի համար ընթերցում է տեքստը և նրան առաջարկում զուգահեռաբար ուսումնասիրել նկարը: Այնուհետև երեխային տրվում են հարցեր տեքստի վերաբերյալ: Յուրաքանչյուր նկարի մասին կա տարբեր բարդության երեք տեքստ: Տեքստերի համար առաջադրված են հարցեր։ Կախված նրանից, թե որ տեքստն է ընթերցվում, տրվում են դրան համապատասխան հարցեր:

Երեխան սովորում է կազմել կապակցված պատմություն՝ հիմնված մի շարք սյուժետային նկարների վրա, ճիշտ հասկանալ դրանց բովանդակությունը և իրադարձությունների հաջորդականությունը։

ԹԱՆԳՐԱՄ

Նպատակ

Խաղի կիրառումը հնարավորություն է տալիս զարգացնել երեխաների՝

  • ✦ մտածողությունը, երևակայությունը, ուշադրությունը,
  • ✦ տարածաչափական պատկերացումները,
  • ✦ մանր շարժունակությունը,
  • ✦ տևական ժամանակ նստելու և կենտրոնացած աշխատելու կարողությունը,
  • ✦ սահմանված կանոններին հետևելով` աշխատանք կատարելու կարողությունը:

Թանգրամի օգնությամբ հնարավոր է նաև երեխաներին սովորեցնել երկրաչափական պատկերները և գույները:

Տարիքային խումբ

Խաղը նպատակահարմար է կիրառել ինչպես դպրոցական, այնպես էլ՝ նախադպրոցական տարիքի երեխաների հետ:

Անհրաժեշտ նյութեր

«Թանգրամ» խաղի համար սահմանված ձևով և չափերով 7 երկրաչափական պատկեր: Սկզբնական շրջանում երեխաների հետ աշխատելիս անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ նաև պատկերների պատրաստի օրինակներ` գրքույկների տեսքով, տպված կամ էլեկտրոնային տարբերակով:

Ընթացք

Երեխաներին առաջարկվում է տրված 7 երկրաչափական պատկերներն օգտագործելով ստանալ 1 իմաստալից պատկեր (տառեր, թվեր, կենդանիներ և այլն)` պահպանելով հետևյալ կանոնները.

  • ✦ բոլոր 7 պատկերները պարտադիր պետք է օգտագործել,
  • ✦ բոլոր պատկերները պետք է հատվեն մեկը մյուսին` կողմերով կամ անկյուններով,
  • ✦ պատկերները չեն կարող ծածկել մեկը մյուսին,
  • ✦ պատկերների համադրումը սկսել մեծ եռանկյան տեղի որոշումով:
Skip to content