2022թ. սեպտեմբերի 26-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Մասնագիտական կողմնորոշման խմբակների գործառնությունը հանրակրթական դպրոցում» թեմայով սեմինար Կենտրոնի և ՏՄԱԿ-ների սոցիալական մանկավարժների համար, որը վարեց մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՊՄՀ դասախոս, ՀՄԿ Բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Հակոբ Թադևոսյանը։
Թեման հետաքրքիր է և արդիական, քանի որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվող «Մասնագիտական կողմնորոշում» դասընթացն արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ կլինի նաև դասավանդող մասնագետներին, սովորողներին, ծնողներին տրամադրել համապատասխան խորհրդատվություն, որը կարող են իրականացնել նաև սոցիալական մանկավարժները։
Սեմինարավարը ներկայացրեց մասնագիտական կողմնորոշման սկզբունքները և համակարգը, Հայաստանում կատարված ուսումնասիրությունների վերլուծությունները, աշխատաշուկայի, ոլորտի լուսաբանման խնդիրները, մանկավարժահոգեբանական դիագնոստիկան։ Անդրադարձ կատարվեց նաև մասնագիտական ուղղվածությամբ խորհրդատվությունների դերին, որը կնպաստի վերաբերմունքի փոփոխությանը և սովորողի կողմից արդյունավետ որոշումներ կայացնելու կարողությունների զարգացմանը։
Հանդիպումը հագեցած էր հարց ու պատասխաններով, դեպքերի քննարկումների վերլուծությամբ։
Սեմինարը կկրի շարունակական բնույթ, որի ընթացքում արդեն իսկ կներկայացվեն խաղերի և վարժությունների օրինակներ՝ միտված մասնագիտական կողմնորոշման գործնական մեթոդների կիրառմանը։