Մանկավարժական գործունեության արդյունավետությունն անհնար է պատկերացնել առանց մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական բարելավման: Այս նպատակին է ուղղված նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր վերապատրաստման գործընթացը:
Գործընթացը կանոնակարգելու համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N1704-Ա/2 հրամանով սահմանվել են նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը:
Վերապատրաստման նպատակն է զարգացնել մանկավարժական աշխատողների մանկավարժական կարողունակությունները, ապահովել շարունակական մասնագիտական զարգացում։
Վերապատրաստման ընթացքում մանկավարժական աշխատողները կծանոթանան կրթության բնագավառի օրենսդրությանը, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դաստիարակության ժամանակակից մեթոդներին և հնարներին, նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին և հիմնական ծրագրերին:
Վերապատրաստման ծրագիրը կազմված է 7 բաժիններից, որոնց հատկացված ժամերի հանրագումարը 110 ժամն է։
«Համընդհանուր ներառում» բաժինը սահմանում է.
- ✦ Ներառական կրթության փաստահենք ընկալումը /ներառական կրթության իրավական կարգավորումներ/,
- ✦ Նախադպրոցական տարիքի երեխաների կրթական կարիքների բազմազանությունը, դրանց բացահայտումն ու գնահատումը,
- ✦ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների նախադպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակները,
- ✦ Ներառվող ուսումնադաստիարակչական աշխատանքների ռազմավարությունները, մեթոդներն ու մոտեցումները,
- ✦ Կրթական ծրագրերի հարմարեցումները, տարբերակված ուսումնադաստիարակչական աշխատանքները, անհատական ուսուցման և զարգացման պլանավորումը.
- ✦ Համագործակցությունն ու փոխհարաբերությունները ներառական կրթության համատեքստում:
Հրամանով սահմանվել են նաև մանկավարժական աշխատողների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, ուսումնառության վերջնարդյունքները և մանկավարժական աշխատողին ներկայացվող պահանջները, ինչպես նաև՝ հետազոտական աշխատանքի կառուցվածքը և առաջարկվող թեմաները:
Հղում՝ https://escs.am/files/files/2022-09-26/8e0586b4960095f3aff80e9c832da72e.pdf
Սկզբնաղբյուր` ՀՀ ԿԳՄՍՆ ֆեյսբուքյան պաշտոնական էջ