2021-2022 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ անցկացվող օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ հերթական հանդիպումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանի, Կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանի, ԿԳՄՍ և Առողջապահության նախարարությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարների, կրթության ոլորտի մարզային պատասխանատուների և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ։
ԿԳՄՍ փոխնախարարի գլխավորությամբ քննարկվեցին հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և նոր ուսումնական տարվա ընթացիկ գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ եղավ նաև ուսուցիչների ատեստավորման ուղղությամբ ընթացող նախապատրաստական աշխատանքներին և վերապատրաստման գործընթացներին:
Կարևորելով 2021 թվականին Վայոց ձորի մարզում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործընթացը՝ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Արաքսիա Սվաջյանը մասնակիցներին ներկայացրեց մարզում տարածքային մակարդակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող Մանկական զարգացման հիմնադրամ / Child Development Foundationը, ինչպես նաև Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մատուցման համակարգը, մարզում նոր ներդրվող ուսուցչի օգնականի գործառույթները։ ՀՄԿ տնօրենը տեղեկացրեց հանրակրթական դպրոցների ուսուցիչների ու Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների վերապատրաստումների մեկնարկի և գործընթացի իրականացման քայլերի մասին։
Սկզբնաղբյուր` ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ