Օգոստոսի 26-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ավանդական օգոստոսյան խորհրդակցություն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ տիկին Անդրեասյանի մասնակցությամբ։
Խորհրդակցությանը մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, նախարարության, մարզպետարանի, համայնքապետարանների պատասխանատուներ, Կապանի, Քաջարանի և Մեղրու տարածաշրջանների հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախարարության անունից շնորհավորեց խորհրդակցության մասնակիցներին՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց կատարած աշխատանքի համար։ Տիկին Ժ․Անդրեասյանը տեղեկացրեց նաև, որ այս տարի ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը կկազմակերպվի մարզերում։
Խորհրդակցության ընթացքում կրթական ու կազմակերպական առանձին թեմաների մասին խոսեցին նախարարության տարբեր ստորաբաժանումների և կրթական ոլորտի պետական կազմակերպությունների ղեկավարները։
Անդրադառնալով այն փաստին, որ 2022 թվականին Սյունիքի մարզը անցնում է նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանը, քննարկվեցին թեմային առնչվող հարցեր գործընթացի առանցքային մոտեցումների, Նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետների վերապատրաստման, Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության և զարգացման գործընթացի կազմակերպման, մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման և այլ խնդիրների վերաբերյալ։ Հանդիպմանը հրավիրված էին նաև մանկապարտեզների տնօրենները՝ գործընթացի վերաբերյալ հուզող հարցերն առաջադրելու նպատակով։
Օրվա երկրորդ կեսին նույնաբովանդակ խորհրդակցություն տեղի ունեցավ նաև Գորիսում՝ Սիսիանի ու Գորիսի կրթօջախների տնօրենների մասնակցությամբ։
Սկզբնաղբյուր` ՀՀ Սյունիքի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջ