2024թ․ մայիսի 13-15-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴՊՐՈՑՈՒՄ» թեմայով վերապատրաստման դասընթացների հերթական փուլը, որին մասնակցում էին ՀՀ 3 մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի և Երևանի հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 27 հոգեբաններ։
Դասընթացը վարում էին ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի վերապատրաստող մասնագետներ Ռ․ Մուրադյանը և Օ․ Գրիգորյանը։
Վերապատրաստումների այս շարքը միտված է նպաստելու հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող հոգեբանների՝ կրթության ոլորտում իրենց գործառույթների և մասնագիտական էթիկական նորմերի վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը, դպրոցի հոգեբանների մասնագիտական կարողությունների զարգացմանը, սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ աշխատելու գործնական և արդյունավետ ռազմավարությունների ձևավորմանը, դպրոցում հոգեբանական աջակցության բարելավմանը:
Դասընթացի առանցքային թեմաները վերաբերում էին դպրոցի հոգեբանի հիմնական գործառույթներին, հոգեբանական աշխատանքի հիմնական ձևերին և էթիկական կողմերին, սովորողների, ծնողների և մանկավարժների հետ հաղորդակցման արդյունավետությանը խոչընդոտող գործոններին ու դրանց ազդեցության հետևանքներին, տարիքային տարբեր խմբերի երեխաների, մանկավարժների, ծնողների հետ իրականացվող հոգեբանական աշխատանքին, ինչպես նաև տարբեր խնդիրների առկայության դեպքում իրականացվող հոգեբանական աշխատանքների առանձնահատկություններին։
Հիշեցնենք, որ դասընթացների այս շարքը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության USAID Armenia, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան UNICEF Armenia և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայությունների ներդրման և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ընդլայնման միջոցով կրթական համակարգի հզորացում» ծրագրի «Հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության /MHPSS/ ծառայությունների ներդրումը դպրոցներում» բաղադրիչի շրջանակում։
16.05.2024