Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համատեղ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում մայիսի 13-17-ը Հայաստանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Արտակարգ իրավիճակների պայմաններում կրթության ոլորտում աջակցության գնահատման առաքելության փորձագիտական խումբը։ Այցի նպատակն է տեխնիկական աջակցություն տրամադրել ծրագրի իրականացման գործընթացին։
Մայիսի 14-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում առաքելության փորձագիտական խմբի անդամները՝ Լանցի Ժաոն և Ժանա Հացոյ Բարոզո Հիրատան, հանդիպեցին ՀՄԿ գործընկերների հետ։ Հանդիպման ընթացքում հանգամանալիորեն քննարկվեցին ծրագրի իրականացման ընթացակարգերը, մանրամասները, համապատասխան փոփոխություններ կատարվեցին՝ ըստ գործընթացից բխող անհրաժեշտությունների։ Փորձագետները առիթ ունեցան մասնակցելու նաև այս ծրագրի շրջանակում ՀՄԿ-ի կողմից շուրջ 632 հոգեբանների համար կազմակերպվող վերապատրաստման դասընթացների առաջին փուլին, խոսեցին մասնակիցների և վերապատրաստող մասնագետների հետ, հարցեր ուղղեցին ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների մոտ հանդիպող հոգեբանական դժվարությունների վերաբերյալ, սեփական փորձով փոխանակվեցին մասնակիցների հետ։
Փորձագիտական խմբի անդամները ՀՄԿ տնօրեն Լ․Մնացականյանի հետ այցելեցին Երևանի թիվ 174 և թիվ 33 դպրոցներ, տեղում հանդիպեցին և զրուցեցին ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների, նրանց ծնողների, մանկավարժական կազմի հետ, ծանոթացան իրավիճակից բխող խնդիրներին, որոնք առնչվում են երեխաների՝ նոր միջավայրին հարմարվելուն, սթրեսին դիմակայելուն, ինչպես նաև նրանց հոգեսոցիալական տոկունության վիճակը վերլուծելու և գնահատելու հարցերին։
15.05.2024