2024թ․ մայիսի 6-8-ը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԴՊՐՈՑՈՒՄ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում էին ՀՀ 4 մարզերի՝ Արարատի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հանրակրթական դպրոցների 25 հոգեբաններ։ Դասընթացը կազմակերպվել էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID), ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան – UNICEF Armenia և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Ուսումնական հաստատություններում հոգեբանական աջակցության ծառայությունների ներդրման և լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի վերակազմակերպման աշխատանքների ընդլայնման միջոցով կրթական համակարգի հզորացում» ծրագրի «Հոգեկան առողջության և հոգեբանական աջակցության /MHPSS/ ծառայությունների ներդրումը դպրոցներում» բաղադրիչի շրջանակում, որով նախատեսվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 50 հոգեբանի վերապատրաստում։
Վերապատրաստման մոդուլը մշակվել է ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Ալինա Մանուկյանի կողմից: Դասընթացավարներն էին ՀՄԿ վերապատրաստման և մեթոդական աջակցության վերապատրաստող մասնագետներ Ռ․ Մուրադյանը և Օ․ Գրիգորյանը։
Դասընթացի նպատակն է ընդլայնել հոգեբանների գիտելիքները ուսումնական հաստատություններում իրենց գործառույթների շրջանակի, աշխատանքների ուղղությունների և մասնագիտական էթիկական նորմերի վերաբերյալ, զարգացնել դպրոցի հոգեբանների մասնագիտական կարողությունները, ձևավորել սովորողների, ծնողների և ուսուցիչների հետ աշխատելու գործնական արդյունավետ ռազմավարություններ, որոնք միտված են դպրոցում հոգեբանական աջակցության բարելավմանը:
Վերապատրաստման մասնակիցներն իրենց մասնագիտական հմտությունները համալրեցին՝ իրազեկվելով հետևյալ թեմաների մասին․
- ✦ դպրոցի հոգեբանի հիմնական գործառույթները,
- ✦ հոգեբանական աշխատանքի հիմնական ձևերը և էթիկական կողմերը,
- ✦ սովորողների, ծնողների և մանկավարժների հետ հաղորդակցման արդյունավետությանը խոչընդոտող գործոններն ու դրանց ազդեցության հետևանքները,
- ✦ տարիքային տարբեր խմբերի երեխաների, մանկավարժների, ծնողների հետ իրականացվող հոգեբանական աշխատանքի առանձնահատկությունները,
- ✦ տարբեր խնդիրների առկայության դեպքում իրականացվող հոգեբանական աշխատանքների առանձնահատկությունները։
Դասընթացն ուղեկցվեց գործնական առաջադրանքներով և խմբային ակտիվ քննարկումներով:
13.05.2024