2024թ․ հոկտեմբերի 24-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում անցկացվեց սեմինար «Խոսքի հնչյունահնչութային կողմի գնահատումը նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքում» թեմայով։
Սեմինարի նպատակն էր զարգացնել և կատարելագործել նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հետ աշխատող մասնագետների/լոգոպեդների հմտությունները երեխաների հնչութային գործընթացների հետազոտման և գնահատման աշխատանքների իրականացման ուղղությամբ։
Սեմինարը վարում էր մ․գ․թ․, դոցենտ, ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Էմիլյա Թադևոսյանը։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՄԿ և ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների լոգոպեդները։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին հնչարտաբերման, խոսքի վանկային կառույցի և հնչութային գործընթացների գնահատման աշխատանքների ընդհանուր բովանդակությունը, այդ աշխատանքների առանձնահատկությունները 3, 4, 5, 6 և 7-10 տարեկան երեխաների դեպքում։
Բանախոսն անդրադարձավ հնչութային գործընթացների հետազոտման ընթացքին՝ ներկայացնելով հնչութային ընկալման առկայության, վերլուծելու կարողությունների զարգացման, համադրելու և պատկերացման ձևավորման գործընթացները տարիքային յուրաքանչյուր փուլում, խոսեց այդ համատեքստում տարբերակված ուշադրության, հնչութային արտաբերման առանձնահատկությունների և դրա զարգացմանը նպաստող գործոնների մասին։
25.10.2024