Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից իրականացվող «Հանրակրթական դպրոցի ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի հերթական՝ 11-րդ փուլի մեկնարկը տրվեց 2024թ․ սեպտեմբերին: Հայաստանի մարզերի 63 դպրոցներում տեղի ունեցան վերապատրաստման դասընթացներ՝ այդպիսով սկիզբ դնելով նոր և առավել պատասխանատու համագործակցության:
Մենթորների կողմից իրականացվող վերապատրաստման դասընթացներին մասնակցում են ուսուցիչները, ուսուցչի օգնականները, հոգեբանները, հատուկ և սոցիալական մանկավարժները, ինչպես նաև դպրոցների տնօրեններն ու ղեկավար անձնակազմերը (տնօրենների տեղակալները, կրթական աջակցության և դաստիարակչական աշխատանքների համակարգողները):
Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող դասընթացների ցանկում «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» դասընթացի ընդգրկվելու հանգամանքով պայմանավորված (ՀՀ ԿԳՄՍ նախարարի օգոստոսի 21-ի 1530-Ա/2 հրաման) մեծ թիվ են կազմում նաև ատեստավորվող ուսուցիչները:
Վերապատրաստումների ընթացքում տեսական նյութի մատուցումն ուղեկցվում է ակտիվ գործնական աշխատանքներով, որոնց միջոցով մասնակիցները ձեռք են բերում նոր գիտելիքներ, խորացնում ներառող դասավանդման իրականացմանն ուղղված կարողություններն ու հմտությունները:
Ուսուցիչների կողմից ուսուցման գործընթացում «դասավանդում ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրի համար» սկզբունքով առաջնորդվելու միտումները փաստում են համագործակցային ու կառուցողական մթնոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության մասին:
29.10.2024