2024թ․ հոկտեմբերի 30-ին Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և ՀՄԿ — Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի համագործակցությամբ մեկնարկեց «ՓՈՓՈԽՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» միջազգային գիտաժողովը։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը, ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ՀՊՄՀ հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի դեկան Գոհար Հովյանը։
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա․ Սվաջյանը կարևոր շեշտադրումներ արեց համընդհանուր ներառական կրթության կազմակերպման առաջնահերթությունների առումով։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ արտաքին ցուցանիշներում առկա բազմաթիվ հաջողությունների կողքին որակական ցուցանիշների առումով կան բազմաթիվ խնդիրներ՝ հույս հայտնելով, որ գիտաժողովի զեկույցներն ու քննարկումները հնարավորություն կտան գտնել այդ խնդիրների լուծումները և դիմակայել մարտահրավերներին։
Նա անդրադարձավ նաև հատուկ դպրոցները ռեսուրս-կենտրոնների վերափոխելու և դպրոցներում ռեսուրս-դասարաններ ունենալու պիլոտային ծրագրերին, այդ գործընթացների կազմակերպման դժվարություններին ու դրանք հաղթահարելու մեխանիզմներին, շեշտադրեց ներառական կրթության որակը բարելավելուն միտված բոլոր ջանքերի ու ռեսուրսների արդյունավետ կիրառման անհրաժեշտությունը։
ՀՄԿ տնօրեն Լ․ Մնացականյանն իր ելույթում ընդգծեց երեխաների կողմից միմյանց բազմազանությունն ընդունելու կարևորությունը։ Փոփոխվող կրթության համատեքստում դիտարկելով նորագույն տեխնոլոգիաների ներդրումն ու նոր մեթոդիկաների կիրառումը՝ նա կարևորեց հատկապես ներառականության գաղափարի ընկալման համապարփակությունը յուրաքանչյուրին իր հնարավորություններին համապատասխան կրթության իրացման և հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից՝ առանձնացնելով ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների դերը գործընթացի արդյունավետ իրականացման համապատկերում։
«Ներառական կրթության մարտահրավերները» պլենար քննարկման ընթացքում Լ․ Մնացականյանն անդրադարձավ համընդհանուր ներառական կրթության բարեփոխումներին, մասնավորապես՝ ուսումնական հաստատություններում ուսուցչի օգնականի և հոգեբանի պարտադիր հաստիքների ներդրմանը, դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխություններին՝ ուղղված մատչելի ֆիզիկական միջավայրի և խելամիտ հարմարեցումների ապահովմանը, դպրոցներում ռեսուրս-դասարանների ներդրման փորձարարական ծրագրին, բացառիկ ընդունակություններ ունեցող երեխաների գնահատման ընթացակարգին ու գործիքակազմի մշակմանը, ԿԱՊԿ գնահատման գործիքակազմի թարմացմանը, ՀՄԿ-ի և ՏՄԱԿ-ների կողմից իրականացվող այլ գործառույթներին, ինչպես նաև ոլորտի մարտահրավերներին։ Նա նշեց, որ գիտաժողովը գաղափարներով փոխանակվելու, նոր մոտեցումներին և մոդելներին ծանոթանալու լավագույն հարթակ է՝ ներառականությունը որպես արժեք և վերաբերմունք ձևավորելու գործընթացում։
Պլենար քննարկմանը հաջորդելու են զեկույցներն ու վարպետաց դասերը, որոնց ներգրավված են շուրջ 30 մասնագետներ Հայաստանից և արտերկրից։
30.10.2024