Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի և Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի համագործակցությամբ 2024թ․ հոկտեմբերի 30-31-ը տեղի ունեցավ երկօրյա միջազգային գիտաժողով «ՓՈՓՈԽՎՈՂ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ» խորագրով։
Գիտաժողովի նպատակն էր անընդհատ փոփոխվող կրթության համապատկերում դիտարկել համընդհանուր ներառականության խնդիրներն ու մարտահրավերները, գտնել դրանց հաղթահարման արդյունավետ լուծումներ ու ռազմավարություններ, նպաստել տարբեր երկրների ու մասնագետների միջև համագործակցության կայացմանը։
Գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի և արտերկրի տարբեր ուսումնական հաստատությունների, կրթության ոլորտում գործող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների շուրջ 30 զեկուցողներ ներկայացուցիչներ։ Իրենց զեկույցներով և վարպետաց դասերով ներկայացան նաև ՀՄԿ տնօրենի տեղակալ Հայկուհի Ադամյանը, մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի պետ Գեղեցիկ Գրիգորյանը, վերապատրաստման և մեթոդական աջակցության բաժնի մասնագետ Լիլիթ Կարապետյանը, բովանդակային մշակումների բաժնի մասնագետներ Ալինա Մանուկյանը և Արմինե Միքայելյանը։
Զեկույցների թեմաները վերաբերում էին կրթության կազմակերպմանը և համընդհանուր ներառականությանն առնչվող առանցքային խնդիրներին ու մարտահրավերներին, մասնավորապես՝
- ✦ կրթության մատչելիության, համընդհանուր ներառման դրական կողմերի,
- ✦ աուտիզմ ունեցող երեխաների հետ աշխատանքների կազմակերպման սկզբունքների,
- ✦ ներառական կրթության համատեքստում վարպետաց դասերի դերի,
- ✦ մանկավարժահոգեբանական գնահատման առանձնահատկությունների,
- ✦ բոլոր երեխաների ներառման, դպրոցի և մասնագետների համագործակցության,
- ✦ հոգեբանական տարբեր խնդիրների առկայության, դրանց կանխարգելման, ախտորոշման, համապատասխան աջակցությամբ ու հարմարեցումներով ապահովելու,
- ✦ վարքային խնդիրների կարգավորման,
- ✦ զարգացման խնդիրներ ունեցող երեխաների մասնագիտական կողմնորոշման հմտությունների զարգացման,
- ✦ դպրոց-մասնագետ կապի,
- ✦ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հոգեկան վիճակի,
- ✦ սոցիալական հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդաբանության հայկական մոդելի,
- ✦ սովորողների հոգեկան առողջության վրա դպրոցական բուլինգի ներգործության,
- ✦ հաշմանդամություն ունեցող անձանց հոգեկան կայունության պահպանման,
- ✦ աուտիզմ ունեցող երեխաների վախերի ախտորոշման,
- ✦ շախմատի ուսուցման արդյունքում ԱՍԽ ունեցող երեխաների սոցիալական փոխազդեցության, վարքային դրսևորումների և այլ հիմնահարցերի։
Գիտաժողովին գեղարվեստական շունչ հաղորդեցին Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնոերաժշտական նվագախմբի և Լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները՝ արվեստի միջոցով ներկաներին փոխանցելով ներառականության գաղափարի ընկալման և բազմազանության ընդունման ևս մի մոդել։
01.11.2024