ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
2024թ․ դեկտեմբերի 3-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Չգրված էջեր» խորագրով միջոցառումը՝ նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան։ Միջոցառմանը մասնակցում էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՄԿ աշխատակիցներ, ծնողներ, երեխաներ։
Ողջունելով ներկաներին՝ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը կարևորեց օրվա խորհուրդը՝ որպես հաշմանդամություն ունեցող մարդկանց հաջողության պատմությունների մասին խոսելու, բարձրաձայնելու ևս մեկ առիթ։ Նա ընդգծեց հանրության մեջ այդ արժեհամակարգն ու գիտակցությունը դաստիարակելու անհրաժեշտությունը՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրների, տարբեր ծրագրերի մասին խոսելու ֆորմալ միջավայրից անցում կատարելով հաջողության պատմությունները ներկայացնելու, դրական փորձով կիսվելու տրամաբանությանը, քանի որ նրա դիտարկմամբ՝ յուրաքանչյուր պատմություն ստեղծում է նոր հաջողության պատմություն։
Իրենց փոքրիկ պատմություններով և փորձով կիսվեցին միջոցառման հյուրերը․ «Մենք կարող ենք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյանը, «Հավասար» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Ամալյա Հարությունյանը, ինչպես նաև ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի երեխաների ծնողներից բանասեր-լրագրող Արփի Խաչատրյանը և տնտեսագետ Թեհմինե Ասատրյանը, ով խոսեց «Ձեզանից մեկը» հեղինակած գրքի մասին, որը յուրօրինակ ինքնակենսագրություն է սեփական ապրումների, իր երեխայի հետ անցած ճանապարհի ու պայքարի մասին։
«Մենք կարող ենք» ՀԿ նախագահ Արմինե Սահակյանը յուրովի մեկնաբանեց օրվա խորհուրդը․ «Այս օրվա մեջ մենք կարող ենք տոնել մեր փոքր ձեռքբերումները և ներկայացնել տարեցտարի գրանցվող հաջողությունները»։
Այնուհետև ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի ղեկավար Մարինե Ասատրյանը ներկայացրեց «Չգրված էջեր» միջոցառումը, որը յուրօրինակ փորձ էր ի մի բերելու թատերախմբի մասնակիցների հաջողությունները, նրանց երազանքները, հաջողությունների գրված ու դեռ չգրված էջերը։
Երեխաները հետաքրքիր խաղի միջոցով նկարագրեցին միմյանց և, հիշելով իրենց փոքրիկ ձեռքբերումների մասին, օրը դարձրեցին հաջողության պատմությունների մասին բարձրաձայնելու յուրօրինակ իրադարձություն։
03․12.2024