ԷՐԳՈԹԵՐԱՊԻԱ, ՆՐԱ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
2024թ․ դեկտեմբերի 13-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Էրգոթերապիայի դերն ու կարևորությունը» թեմայով սեմինար, որը վարում էր ՀՄԿ վերապատրաստումների բաժնի մեթոդիստ-վերապատրաստող, Էրգոթերապիստ Սեդա Միրոյանը։ Սեմինարին մասնակցում էին Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի մագիստրանտները։
Սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրեց, թե ինչ է էրգոթերապիան, խոսեց վերջինիս կարևորության, նրա արդյունավետության նախապայմանների մասին։ Նա հանգամանալի անդրադարձ կատարեց Էրգոթերապիայի պատմությանը, նրա գաղափարական և փիլիսոփայական սահմանումներին՝ կարևորելով վերջինիս դերն ու հնարավորությունները՝ փորձելով ուսանողների մոտ հստակ պատկերացում ձևավորել էրգոթերապիայի աշխատանքային գործառույթների, նրա յուրահատկությունների մասին։
Նշվեց, թե որն է էրգոթերապիստի աշխատանքային ուղղվածությունն ու ռազմավարությունը տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելիս և տարբեր խնդիրների առնչվելիս։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Անձ-Միջավայր-Զբաղվածություն մոդելի ներկայացմանը և դրա շուրջ իրականացվող գործնական աշխատանքին, այցելուի կարիքների ճիշտ գնահատման և նպատակադրման համար շեշտադրվեց Էրգոթերապիստի աշխատանքի բազմակողմանի և ճկուն մոտեցման կարևորությունը։
16․12.2024