2025թ․ ապրիլի 30-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում էին հյուրընկալվել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Նպաստել Հայաստանում բոլորի համար ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը» ծրագրի մասնակիցները:
Այցի նպատակն էր ծանոթանալ ՀՄԿ-ի կողմից իրականացվող այլընտրանքային թերապիաներին, դրանց ընթացքում կիրառվող մոտեցումներին, մեթոդներին ու գործիքներին։
Հյուրերը մասնակցեցին ՀՄԿ-ի մանկավարժահոգեբանական աջակցության բաժնի մասնագետների կողմից անցկացվող վարպետաց դասերին, որոնք ուղղված էին արվեստի տարբեր միջոցներով դրական շարժընթաց ու զարգացում ապահովող տեխնիկաների ներկայացմանը:
Դրամաթերապիայի վարպետաց դասի ընթացքում ներկայացվեցին տարբեր գործիքակազմեր, ընդգծվեց դրամաթերապիայի դերը և կարևորությունը երեխայի հոգեկան զարգացման գործընթացում: Հյուրերը հնարավորություն ունեցան անմիջականորեն առնչվել դրամաթերապիային դերային խաղերի, սցենարային վերլուծությունների և խմբային մեթոդների կիրառման միջոցով։
Հաջորդ վարպետաց դասը պարաթերապիան էր, որի շրջանակում նրանք փորձեցին պարային տարբեր շարժումների ու տեխնիկաների միջոցով հաղթահարել ֆիզիկական և հոգեկան խոչընդոտները:
Հյուրերն այցելեցին նաև կավի սենյակ, որտեղ աշխատեցին կավով, պատրաստեցին տարբեր իրեր՝ առարկայորեն զգալով վերջինիս ազդեցությունը իրենց ինքնազգացողության վրա և գործնականում առերեսվելով սեփական ստեղծագործական հնարավորությունների բացահայտմանը։
Վարպետաց դասերի տեսական և գործնական բաղադրիչների համադրումը մասնակիցներին հնարավորություն տվեց տարբեր տեխնիկաների մասին գիտելիքները կիրառել գործնականում, ինչը մեծապես նպաստեց նոր հմտությունների և փորձի ընդլայնմանը։ Արդյունքները ցույց տվեցին, որ այլընտրանքային թերապիաները ակտիվ գործիքներ են, որոնք նպաստում են սեփական ներաշխարհի ու զգացողությունների ճանաչողությանը, հնարավորությունների բացահայտմանը, ինչպես նաև անձնային զարգացմանը և հոգեկան առողջության բարելավմանը:
06.05.2025