ՀՄԿ «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը շարունակում է հյուրախաղերով հանդես գալ ՀՀ մարզերի տարբեր դպրոցներում։
2025թ․ հոկտեմբերի 9-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «ՄԻԱՍԻՆ» թատերախումբը «ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ներկայացմամբ հյուրընկալվել էր Արմավիրի մարզի Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N4 Հիմնական դպրոցում։ Ներկայացման բեմադրությունն ու հյուրախաղերը կազմակերպվել և իրականացվել Էին Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Մայրաք Վեյսբախ Հիմնադրամի աջակցությամբ։
«ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ»-ը (բեմադրության և բեմականացման հեղինակ` «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի ռեժիսոր Մարինե Ասատրյան) պատմություն է կյանքի իմաստի որոնումներով տարված հերոսների մասին, որոնցից յուրաքանչյուրը փնտրում է իր հարցերի պատասխանները, աշխարհին ներկայանալու իր ճշմարտությունը և այդ աշխարհի մեջ ինքնադրսևորվելու իր «կետը»։
Դերասանները երկխոսությունների միջոցով աշխարհը բացահայտելու իրենց բանաձևն առաջարկեցին՝ փոխանցելով կարևոր ուղերձներ «Ես կարող եմ» գաղափարի, ներաշխարհը աշխարհի վատ ազդեցություններից պաշտպանելու, բացասական հույզերից ու բարդույթներից ազատագրվելու, սեփական ուժերին հավատալու, ուժեղ լինելու մասին։
Ներկայացումն ավարտվեց բուռն ծափահարություններով։ Հանդիսատես-աշակերտները երկար ժամանակ չէին հեռանում դահլիճից՝ շարունակելով ողջունել դերասաններին։ Նրանք իրենց ոգևորությունն արտահայտեցին՝ կիսվելով իրենց տպավորություններով և զգացողություններով։
«ՄԵՐ ԱՇԽԱՐՀՈՒՄ»-ը դարձել էր յուրօրինակ «հանդիպման վայր», որը մեկտեղել էր տարբեր քաղաքներում ապրող, տարբեր ներաշխարհներ կրող երեխաներին․ դերասանական խումբը ու հանդիսատեսը հայտնվել էին նույն աշխարհում՝ փաստելով ևս մեկ անգամ, որ արվեստը՝ թատրոնը միավորում է բոլորին՝ դարձնելով այդ աշխարհն ավելի բազմազան, ջերմ ու հետաքրքիր:
Երեխաները միմյանց հրաժեշտ տվեցին ապագայում ևս հանդիպելու ակնկալիքով։
17.10.2025

 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				 
				
