Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը շարունակում է ներկայացնել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ ստեղծված «Ինչպես խթանել ներառումը դասարանում» ֆիլմաշարը, որի հաջորդ պատմությունը Մերիի մասին է։
Մերին ինը տարեկան է, սովորում է 4-րդ դասարանում։ Սիրում է խաղալ տիկնիկով և նկարել, բայց դասերի և զբաղվածության պատճառով չի հասցնում ժամանակ հատկացնել սիրած զբաղմունքին։ Մեծահասակները չեն հասկանում նրա հետաքրքրությունները․ Մերին ունի կենտրոնանալու և ուսման հետ կապված դժվարություններ։ Նրա անտարբերությունը դասերի, և առհասարակ, ուսումնական գործընթացի նկատմամբ ստիպեցին նրա ուսուցչին՝ ընկեր Արամին, ելքեր մտածել ստեղծված իրավիճակից։ Ուսուցիչների և մանկավարժահոգեբանական թիմի մասնագետների հետ քննարկումների արդյունքում յուրաքանչյուր առարկայի համար մշակվեցին պարզեցված ծրագրեր, ինչպես նաև հարմարեցումներ և գործիքներ, որոնք միտված էին Մերիի հետաքրքրություններն ուղղորդելու նրա ուսումնական նպատակներին։
Փոփոխությունները դրական ազդեցություն ունեցան թե ուսումնական, և թե սոցիալականացման ոլորտներում․ դրանք նպաստեցին բացահայտելու Մերիի թաքնված ունակություններն ու հնարավորություն տվեցին նրան լիարժեք ներառվել դպրոցական կյանքին։
ՀՄԿ-ի և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության համագործակցությամբ մշակված ֆիլմաշարի ստեղծման գործընթացն իրականացվել է «Իմ իրավունքը։ Հաջորդ փուլ։ Ներառական կրթություն Հայաստանում և Կոսովոյում», “My Right. Next Level. Inclusive Education in Armenia and Kosovo” ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից՝ Ավստրիական Զարգացման համագործակցության (ԱԶՀ) ֆինանսավորմամբ և Կարիտաս Ավստրիայի (Ինսբրուկ) կողմից։ Ֆիլմաշարը հիմնված է ՀՄԿ-ի կողմից մշակված «Ինչպես խթանել ներառումը դասարանում» մեթոդական ուղեցույցում տեղ գտած պատմությունների վրա։
Ֆիլմաշարի մյուս տեսանյութերը կարող եք դիտել ՀՄԿ կայքում:
05.12.2025


