Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի «Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի մենթորները 2026թ․ ապրիլ ամսվա ընթացքում այցեր են իրականացրել ՀՀ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ (ՏՄԱԿ֊ներ)՝ համագործակցության ամրապնդման և համատեղ աշխատանքների կազմակերպման նպատակով։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, մասնավորապես՝
- ✦ դպրոցներում սովորողների պաշտպանության թիմերի ձևավորման գործընթացը և դպրոցի անձնակազմի համար համատեղ դասընթացի կազմակերպման հնարավորությունները,
- ✦ մենթորների կողմից դասապլանների համատեղ մշակման արդյունքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների՝ դասապրոցեսին ներգրավման հաջողություններն ու դժվարությունները,
- ✦ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր սովորողի անհատական ձեռքբերումները։
Հանդիպումների արդյունքում հստակեցվել են հետագա անելիքները, ձևավորվել հետևյալ առաջարկություններն ու առաջնահերթությունները.
- ✦ Գործառույթների փոխլրացում․ ապահովել մենթորների և ՏՄԱԿ-ի մասնագետների աշխատանքի ներդաշնակությունը՝ հատկապես Անհատական ուսուցման պլանի (ԱՈՒՊ) լրացման և իրականացման փուլերում:
- ✦ SMART նպատակների սահմանում․ խստորեն հետևել, որ ԱՈւՊ-ներում սահմանված նպատակները լինեն կոնկրետ, չափելի և իրատեսական:
- ✦ Ծնողների ներգրավում․ մեծացնել ծնողների ընդգրկվածությունը՝ նրանց դարձնելով ԱՈւՊ-ի մշակման թիմի լիարժեք և տեղեկացված անդամ։
- ✦ Գործնական վերապատրաստում․ կարևորել տեսական գիտելիքներից անցումը կոնկրետ ռազմավարությունների և հնարների ուսուցման:
«Դասի պլանավորում» թեմայով դասընթաց է իրականացվել Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների համար՝ կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման և ուսուցման որակի բարձրացման նպատակով։
«Հանրակրթական դպրոցների ուսուցիչների և ուսուցչի օգնականների ներառող դասավանդման հմտությունների զարգացման ապահովում» ծրագրի շրջանակում համագործակցության ամրապնդմանն ուղղված հանդիպումներն իրականացվում են յուրաքանչյուր կիսամյակ և նպաստում են մարզերում համընդհանուր ներառականության գործընթացի բարելավմանը:
12.05.2026

