2024թ․ մարտի 6-8-ը տեղի ունեցավ «Ներառում արվեստի միջոցով» եռօրյա միջազգային գիտաժողով, որը կազմակերպվել էր Երևանի պետական համալսարանի, շվեդական «Share Music & Performing Arts» գեղարվեստական զարգացման ու ներառականության գիտելիքների կենտրոնի և Հենրիկ Իգիթյան կենտրոնի համագործակցությամբ իրականացվող «Կատարողական արվեստի փոխանակում-2» նախագծի շրջանակում։
Քննարկումների առանցքում երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման առկա վիճակը և հեռանկարներն էին, արվեստի և մարդու իրավունքների կապը, հաշմանդամության ու ներառականության խնդիրները, արվեստի միջոցով երեխաների ու մեծահասակների ինտեգրումը հասարակության մեջ։ Մարդու իրավունքների և ներառման թեմայի շրջանակում երեխաների իրավունքների և արվեստի փոխներգործությունը դիտարկվեց կատարողական արվեստի և տարբեր երկրներում ներառման պրակտիկայի դեպքերի ուսումնասիրություններով։
Տեղի ունեցան նաև պանելային քննարկումներ, որոնք շոշափում էին ներառականության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր։
«Ներառման քաղաքականության գործնական կիրառումը» պանելային քննարկման խոսնակներից էր նաև ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը։ Նա հանգամանալիորեն անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող կրթության քաղաքականությանը և այդ համատեքստում համընդհանուր ներառական կրթության բարեփոխումներին, մատչելի և ներառական միջավայրի ապահովման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման հնարավորություններին, այդ ուղղությամբ կատարված և նախատեսվող աշխատանքներին։ Արվեստի և ներառականության փոխառնչությունների արդյունավետ կիրառման շրջանակում Լ․Մնացականյանը ներկայացրեց նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի այլընտրանքային նախագծերից մեկի՝ «ՄԻԱՍԻՆ» թատերախմբի գործունեությունը, որը հանդես է գալիս մանկական ներկայացումներով՝ ապահովելով երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու հասարակական կյանքում նրանց լիարժեք ներգրավվածությունը։
Գիտաժողովի շրջանակում տեղի ունեցավ «Ներառում արվեստի միջոցով․ երեխաների իրավունքների ուսուցման ձեռնարկ» գրքի շնորհանդեսը։
Գիտաժողովն ամփոփվեց ներառական արվեստի միջավայրում կիրառելի դասավանդման մոտեցումների և գործիքների մասին սեմինարով։
12.03.2024