2023թ. փետրվարի 23֊ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ սեմինար «ԿԱՊԿ ունեցող աշակերտների աշխատանքի կազմակերպումը «Մայրենի 1. նախաայբբենական և այբբենական շրջաններ» աշխատանքային գիրք-տետրերի հարմարեցված ուսումնական նյութերի միջոցով» թեմայով, որին մասնակցում էին տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների հատուկ մանկավարժները։
Սեմինարը կազմակերպվել էր ՀՄԿ Բովանդակային մշակումների բաժնի կողմից և միտված էր մանկավարժներին ծանոթացնելու գիրք-տետրերի կառուցվածքային, բովանդակային և մեթոդական առանձնահատկություններին։
Սեմինարի ընթացքում գիրք-տետրերի հեղինակ, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՄԿ Բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Արմինե Միքայելյանը մանրամասն ներկայացրեց գիրք-տետրերում ներառված առաջադրանքները։ Նա հստակեցրեց, թե ինչ սկզբունքով են մշակված առաջադրանքները, ինչպես են իրականացվել հարմարեցումները գրաճանաչության նախաայբբենական և այբբենական շրջանների ուսումնառության դժվարությունները հետաքրքիր և հեշտ հաղթահարելու համար։
Սեմինարն ուղեկցվեց ակտիվ հարցուպատասխանով։ Բանախոսը կարևորեց նաև ուսուցիչների հետ հետադարձ կապը, որը հնարավորություն կտա հասկանալու գիրք-տետրերի արդյունավետությունը գործնականում։
Ի դեպ, առաջիկայում նախատեսվում են սեմինարներ նաև մյուս աշխատանքային գիրք-տետրերի մեկնաբանման ու ներկայացման նպատակով։