2023 թ․ սեպտեմբերի 19-ին Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ սեմինար «Սոցիալական պատմությունները որպես աուտիզմ ունեցող երեխաների մոտ սոցիալապես ընդունելի վարքագծի ձևավորմանն ուղղված արդյունավետ մեթոդ» թեմայով, որը վարում էր ՀՄԿ բովանդակային մշակումների բաժնի մասնագետ Սյուզաննա Պետրոսյանը:
Սեմինարին մասնակցում էին տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների սոցիալական մանկավարժներ, հոգեբաններ, ՀՄԿ մասնագետներ։
Ս․ Պետրոսյանը խոսեց սոցիալական պատմությունների կարևորության մասին՝ ներկայացնելով դրանց դրական ազդեցությունը սոցիալական հմտությունների զարգացման և արդյունավետության խթանման վրա։ Նրա դիտարկմամբ՝ սոցիալական պատմություններն օգնում են վերահսկել և կանխատեսելի դարձնել աուտիզմ ունեցող երեխաների վարքը, նպաստում են սոցիալապես ընդունելի վարքագծի ձևավորմանը՝ դրականորեն մոդելավորելով իրավիճակները, ձևակերպումները, արտահայտությունները։
Սեմինարի գործնական մասում մասնակիցներն աշխատեցին փոքր խմբերով՝ ստեղծելով որոշակի իրավիճակ ներկայացնող սոցիալական պատմություններ։ Ապա համատեղ քննարկեցին ստեղծված պատմությունները՝ կատարելով օգտակար եզրահանգումներ ու հետևություններ։
Սեմինարն ուղեկցվեց ակտիվ քննարկումներով և հաջողված փորձի փոխանակմամբ։